կարևոր
2845 դիտում, 1 տարի առաջ - 2022-07-20 18:51

Կներխուժի՞ Թուրքիան Սիրիա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կներխուժի՞ Թուրքիան Սիրիա, թե՞ ոչ: Թեհրանում Իրանի եւ Ռուսաստանի առաջնորդները Թուրքիայի նախագահին հասկացրին, որ դեմ են թուրքական ներխուժմանն իրենց դաշնակից պետություն: Սիրիայի խնդիրները պետք է կարգավորվեն բանակցային ճանապարհով. հայտարարեցին Վլադիմիր Պուտինն ու Էբրահիմ Ռաիսին: 
Թուրքիայի նախագահը դեռ 2 ամիս առաջ էր հայտարարել, հակաահաբեկչական օպերացիայի անվան տակ, Սիրիա ներխուժելու եւ նոր տարածքներ զավթելու ծրագրի մասին, բայց մինչ օրս ռազմական որեւէ գործողություն չի սկսվել: Թեհրանում Իրանի հոգեւոր առաջնորդը Ռեջեփ Էրդողանին բաց տեքստով զգուշացրեց, որ Սիրիայի հյուսիսում թուրքական ծրագրվող հարձակումից կտուժեն հենց Թուրքիան, Սիրիան եւ ամբողջ տարածաշրջանը, օգուտ կքաղեն միայն ահաբեկիչները: Իր օգուտի համար ահաբեկիչներին աջակցող Էրդողանը, եռակողմ հանդիպման ավարտին, այնուամենայնիվ, հայտարարեց, թե ահաբեկչական կազմակերպությունների դեմ Անկարայի պայքարը շարունակվելու է միշտ: 
Հանդիպումից հետո Պուտինը, Ռաիսին ու Էրդողանը հայտարարություն տարածեցին՝ վճռականություն հայտնելով շարունակել համատեղ պայքարն ահաբեկչության դեմ, միեւնույն ժամանակ մերժելով՝ ահաբեկիչների դեմ պայքարի պատրվակով Սիրիայում նոր իրողություններ ստեղծելու բոլոր փորձերը: Բայց տուն վերադառնալիս՝ օդանավում, Էրդողանը լրագրողներին ասաց՝ Սիրիայում ռազմական նոր գործողություն սկսելու ծրագիրը կշարունակի մնալ Անկարայի օրակարգում այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայի ազգային անվտանգության խնդիրները չեն լուծվել: 
Պուտինի եւ Էրդողանի այցից մեկ օր անց Թեհրանում է Սիրիայի արտգործնախարարը: Ֆեյսալ ալ-Միկդադը հայտարարել է, որ Սիրիայի տարածքում, այսպես կոչված, անվտանգային գոտի ստեղծելուն ուղղված Անկարայի գործողությունները կարող են հանգեցնել ուղիղ առճակատման հենց Սիրիայի հետ: Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդուլահիանը, անհանգստություն հայտնելով թուրքական ծրագրերի առնչությամբ, սիրիացի գործընկերոջը վստահեցրել է, որ այս հարցով Անկարայի հետ բանակցությունները շարունակվում են:

Մանրամասները ներկայացնում է Մարինե Մելիքսեթյանը