կարևոր
2479 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-07-19 21:02

Թեհրանը չի հանդուրժի հայ-իրանական սահմանի արգելափակման քաղաքականություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Թեհրանը կընդդիմանա, եթե Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանն արգելափակելու քաղաքականություն վարվի». Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդը սա բաց տեքստով ասում է Թուրքիայի նախագահին, որը փոքր եղբոր՝ Բաքվի բռնապետի հետ միասին Երեւանից պահանջում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացում: Այաթոլլա Ալի Խամենեին շեշտում է հայ-իրանական սահմանի կարեւորությունը: 
Իրանի գերագույն առաջնորդը Ռեջեփ Էրդողանին եւս մեկ զգուշացում է անում. Սիրիայի հյուսիսում թուրքական ծրագրվող հարձակումից կտուժեն հենց Թուրքիան, Սիրիան եւ ամբողջ տարածաշրջանը, օգուտ կքաղեն միայն ահաբեկիչները: 
Թուրքիայի նախագահը դեռ մայիսի վերջին էր հայտարարել Սիրիայի հյուսիսում մոտ ապագայում ռազմական նոր գործողություն սկսելու, իսկ իրականում՝ հակաահաբեկչական օպերացիայի անվան տակ այդ երկիր ներխուժելու եւ նոր տարածքներ զավթելու ծրագրի մասին, ինչին դեմ են Դամասկոսի դաշնակիցներ Թեհրանն ու Մոսկվան: Էրդողանի այդ հայտարարությունից մոտ 2 ամիս է անցել, բայց թուրքական հարձակումը դեռ չի սկսվել: Ավելին, Թուրքիայի նախագահն այսօր Թեհրանում է, երկկողմ օրակարգից զատ, քննարկելու հենց Սիրիայի հարցը՝ Իրանի եւ Ռուսաստանի նախագահների հետ բանակցային սեղանի շուրջ: «Աստանայի ձեւաչափով»՝ Թուրքիան, Իրանն ու Ռուսաստանը Սիրիայում իրավիճակի կարգավորման երաշխավոր երկրներ են: Իրանի նախագահի հետ համատեղ ասուլիսին Էրդողանն ասում է, որ փորձելու են վերակենդանացնել «Աստանայի ձեւաչափը»: 
Սա Ռուսաստանի նախագահի արտասահմանյան երկրորդ այցն է՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր: Վլադիմիր Պուտինը Թեհրանում Էրդողանի հետ առանձին կքննարկի նաեւ Ուկրաինայի հարցը: 

Մանրամասները ներկայացնում է Մարինե Մելիքսեթյանը