Ի պաշտպանություն ապօրինի ձերբակալված բոլոր քաղբանտարկյալների, Դիմադրություն շարժումը Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ բողոքի ակցիա է կազմակերպել: Շարժման մասնակցիներից մոտ 5 տասնյակ քաղբանտարկյալ է եղել, 2 տասնյակից ավելին շարունակում է մնալ անազատության մեջ. հայտարարում է ՀՅԴ անդամ Սեւակ Նազարյանն ու շեշտում՝ այս մարդիկ կալանավորվել են իշխանության ուղիղ հրամանով:
4 տարի է գործող իշխանությունները շինծու գործեր են սարքում ու մարդկանց նետում բանտերը, ՄԱԿ-ի համար նրանք գոյություն չունեն՝ ասում է հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը: Նրա խոսքով՝ երեք քաղբանտարկյալ զրկվել է կյանքի իրավունքից այս իշխանությունների օրոք: Այս ապօրինությունը չեն քննադատում ո՛չ ՄԱԿ-ը, ո՛չ մարդու իրավունքների ջատագով պետությունները:
«Քաղաքական հայացքները դատավճիռ չեն», «Ազատություն քաղբանտարկյալներին», «Բանտը Նիկոլի տեղն է», գրությամբ պաստառները պարզած՝ «ՄԱԿ-ի գրասենյակից քաղաքացիները երթով գնացին Կառավարություն, որտեղ տեղի ունեցավ ակցիա՝ ի հիշատակ դատարանի դահլիճում հանկարծամահ եղած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի:
4 տարիներին համատարած թանկացումների ֆոնին էժանացել է մարդը, նրա արժանապատվությունը, կյանքը՝ նկատեց ՀՀԿ անդամ Հայկ Դերզյանը:
Քաղբանտարկյալներին ազատելու ուղերձով պաստառները ակցիայի մասնակիցները թողեցին կառավարության շենքի առջեւ, որ հստակ լինի՝ բանտը Նիկոլի՛ տեղն է:
Մանրամասները՝ Լիանա Սարգսյանի տեսանյութում