կարևոր
1957 դիտում, 4 շաբաթ առաջ - 2022-07-19 19:45

Խորհրդարանական տարին աննախադեպ էր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շշամարտ, ձեռնամարտ, քաշքշուկ, հայհոյանքներ. խորհրդարանական թեժ տարին անցյալում է, նորը կմեկնարկի սեպտեմբերի 12-ից: Հիմա պատգամավորները արձակուրդում են, եթե չորոշեն այս ընթացքում արտահերթ նիստեր գումարել: Չնայած ընդդիմադիրների պնդմամբ՝ վերջին շրջանում իրար հաջորդող արտահերթները միայն մի նպատակ ունեին՝ իրենց մանդատներից զրկելը հիմնավորելու համար բացակայությունների պատկերն ավելի ճոխացնել: 
Ութերորդ գումարման խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացավ 71, «Հայաստան» խմբակցությունը՝ 29, «Պատիվ ունեմ»-ը՝ 7 պատգամավորով, իսկ նստաշրջանն ավարտեց առայժմ 6-ով, քանի դեռ պարզ չէ Թագուհի Թովմասյանի ճակատագիրը: Մյուս խմբակցություններից մանդատները վայր դրած պատգամավորներ էլ կան, բայց թվային պատկերը դրանից չի փոխվել. նրանց նորերն են փոխարինել: 
Այս խորհրդարանի առանձնահատկությունը դրսեւորվեց հենց առաջին օրը, երբ ընդդիմադիր ամենամեծ խմբակցության 4 պատգամավոր նիստին ներկա չէր՝ ազատությունից զրկված լինելու պատճառով, մինչդեռ նրանց անձեռնմխելիությունը հաղթահարված չէր: Եւ միայն ամիսներ անց Սահմանադրական դատարանի որոշմամբ պարզ դարձավ, որ ընդդիմադիր պատգամավորներն ապօրինի էին պահվում անազատության մեջ: 
8-րդ գումարման խորհրդարանն օրենսդրական բարձր արտադրողականությամբ աչքի չի ընկել: Թեեւ Պառլամենտ մոնիթորինգը դեռ չի ամփոփել վերջին նստաշրջանի տվյալները, բայց նախորդ՝ 2-րդ նստաշրջանի ցուցանիշն ամենացածրերից է վերջին տասը տարվա ընթացքում: Ընդունված օրինագծերի գերակշիռ մասը ոչ թե օրենսդիրի, այլ գործադիրի հեղինակածն է: Ընդդիմության նախաձեռնություններից միայն մեկին է հավանություն տվել իշխող խմբակցությունը՝ Պետական դրոշի մասին Աղվան Վարդանյանի հեղինակած օրինագծին: Մյուսները նույնիսկ լիագումար նիստերի օրակարգում չեն ներառվել: 
Ընդդիմության նախաձեռնած արտահերթ բոլոր նիստերը տապալվել են իշխանականների բացակայության պատճառով, հետեւաբար՝ տապալվել է նաեւ այդ նիստերի օրակարգերում ներառված հայտարարությունների ընդունումը: Դրանք հայկական երկու պետությունների շուրջ ստեղծված իրավիճակի, սահմանազատման, Շուշիի հռչակագրի դատապարտման եւ Արցախի հարցով կարմիր գծեր քաշելու մասին էին: 
8-րդ գումարման խորհրդարանում էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնություն այդպես էլ չեղավ, թեւեւ հիմքերը շատ էին. աննախադեպ էր ընդդիմադիր կին պատգամավորին ուժի կիրառմամբ, քաքշելով դահլիճից հեռացնելը, աննախադեպ էր ելույթ ունեցող ընդդիմադիրին ամբիոնի մոտից ուժով հեռացնելը: Նույնիսկ քրեական գործընթացի հիմքեր կարող էին լինել մի շարք դրվագներով. ծեծկռտուք պատգամավորների միջեւ, իշխանական պատգամավորների ու ընդդիմադիրների օգնականների միջեւ բախում:
Աննախադեպ էր նաեւ լրագրողների բողոքի ակցիան՝ իրենց իրավունքների վերականգման պահանջով: Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագիրն էր ներկայացնում ամբիոնի մոտից, լրագրողները օթյակից հայտարարում էին, որ խորհրդարանի պատմության մեջ առաջին անգամ սահմանափակվել է իրենց տեղաշարժը միջանցքներում: Սրան հաջորդեցին նաեւ ԶԼՄ-ների աշխատանքին վերաբերող օրենսդրական մի շարք փոփոխություններ, վերջինն էլ պետական մարմնին հնարավորություն է տալիս դադարեցնել լրագրողի հավատարմագրումը: 
Ապրիլի 12-ից խորհրդարանում բոլոր նիստերը գումարվեցին առանց ընդդիմության մասնակցության: Ընդդիմադիրներն այդ օրը Արցախի դրոշներ տեղադրեցին իրենց սեղաններին ու լքեցին նիստերի դահլիճը՝ հայտարարելով, որ վերադառնալու են միայն իրենց օրակարգով: Սեպտեմբերյան զարգացումների մասին փակագծեր դեռ չեն բացում: 

Մանրամասները ներկայացնում է Անահիտ Հովհաննիսյանը