կարևոր
1804 դիտում, 4 շաբաթ առաջ - 2022-07-19 14:37

Հայաստանը շտապեց կատարել Ադրբեջանի պահանջը․ Գեղամ Մանուկյան

Հայաստանը շտապեց կատարել Ադրբեջանի պահանջը․ Գեղամ Մանուկյան

ՀՅԴ անդամ,  ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրել է

«Այսօր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Արմենպրես» պետական գործակալությանն անակնկալ, օդից իջած մի հարցազրույց տվեց, որով հաստատեց, որ Հայաստանի զինված ուժեր Արցախի Հանրապետության տարածքում չկան և ՀՀ քաղաքացի- պայմանագրայիններ Արցախի Պաշտպանության բանակում չեն ծառայում: Անակնկալ այս հարցազրույցի պահանջը և իմաստը դժվար է բխեցնել լրագրողական այն հարցից, թե հնչում են քննադատություններ, քանի որ անվտանգային խնդիրներին վերաբերող բազմաթիվ այլ քննադատություններ են եղել, իսկ ԱԽ քարտուղարը չի շտապել պատասխանել:

Սա պարզապես ՀՀ իշխանությունների դիրքորոշման հրապարակային հաստատումն է Արմեն Գրիգորյանի միջոցով, որն այսօր, ի լուր աշխարհի, պատասխանեց Ադրբեջանի նախագահին, վստահեցրեց նրան, որ Հայաստանի Հանրապետությունը որևէ ռազմական ներկայություն չի ունենալու Արցախի Հանրապետության տարածքում և Արցախը թողնելու է անպաշտպան:

Այս վստահեցումը պատահական չէ, որովհետև օրերս Իլհամ Ալիևն իր հայտարարությամբ քննադատել էր նաև ռուսական կողմին, թե հայկական զինված ստորաբաժանումներն ամբողջությամբ դուրս չեն բերված Արցախի տարածքից:

Այսպես քայլ առ քայլ Հայաստանի իշխանությունները շարունակում են հերթականությամբ, խելոք կատարել Ալիևի և թուրքական իշխանությունների բոլոր պահանջ-նախապայմանները:

Միաժամանակ, այս հայտարարությունն այլ վտանգ է պարունակում. սրանով ՀՀ քաղաքացիներին փորձում են վախեցնել, զգուշացնել, որ որևէ մեկի մտքով չանցնի պայմանագրով ծառայության անցնել Արցախի Պաշտպանության բանակում, քանի որ, ցանկացած անկախատեսելի զարգացման դեպքում, ՀՀ իշխանությունը ձեռքերը լվանալու է իր քաղաքացիներից և չի ապահովելու նրանց պաշտպանությունը, եթե, Աստված մի արասցե, նրանք հայտնվեն ադրբեջանական կողմում»: