կարևոր
1549 դիտում, 4 շաբաթ առաջ - 2022-07-18 21:23

Շոգը պատրաստվում է ճամպրուկները հավաքել ու Հայաստանից մեկնել հանգստի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեր երկիր ժամանած շոգը դեռեւս պատմական առավելագույնից մեկ աստիճանով է ցածր: 2011-ի հուլիսի 31-ին՝ Մեղրիում դիտվել է 43.7, իսկ Երեւանում 42 աստիճան ջերմություն: Ըստ օդերեւութաբանական կանխատեսումների՝ մինչեւ հուլիսի 21-ը ներառյալ ջերմային ալիքի ազդեցությունը պահպանվելու է. Երեւանում եւ Արարատյան դաշտում ջերմաստիճանը կտատանվի 37-40-ի սահմաններում: Սակայն դրանից հետո շոգը կարծես պատրաստվում է ճամպրուկները հավաքել եւ մեկնել հանգստի: 
Բարձր ջերմային ֆոնով պայմանավորված՝ ուլտրամանուշակագույն ճառագայթումը նորմայից բարձր է: Այդ պատճառով էլ մասնագետները հորդորում են՝ ժամը 11:00-17:00-ը խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից: Իսկ թե ինչ գույնի հագուստն է նախընտրելի ամռանը, կամ որ աքսեսուարներն են անհարաժեշտ. խորհուրդներ են տալիս ոչ թե նորաձեւության, այլ առողջապահության մասնագետները: 
Վերջին շաբաթում նաեւ հրդեհների աննախադեպ աճ կա: Արտակարգ իրավիճակների նախարարության 911 ծառայության տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հրդեհները 34 տոկոսով ավելացել են: Դեպքերի հիմնական մասը Երեւանում են եւ Կոտայքի, Լոռու, Տավուշի մարզերում: Փրկարարները նշում են՝ հրդեհների մեծ մասը մարդկային գործոնով է պայմանավորված, կրակը կարող է բռնկվել ինչպես ծխախոտի, այնպես էլ ապակյա տարայի մնացորդներից, որն անդրադարձնում է արեւի ճառագայթները: 
Մինչ շոգը կնահանջի, մասնագետները նշում են, որ 40-ից բարձր ջերմաստիճանի դեպքում օրենքով սահմանված է հաճախակիացնել ընդմիջումները՝ անմիջական ղեկավարի համաձայնությամբ: Կարելի է, օրինակ, ամեն ժամը մեկ 10 րոպեով ընդմիջում անել: 

Մանրամասները ներկայացնում է Ալիսա ՄԵլքոնյանը