կարևոր
2938 դիտում, 1 տարի առաջ - 2022-07-18 21:04

Սփյուռքահայերի համար Հայաստանի քաղաքացիություն ստանալը կարող է բարդանալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սփյուռքահայերի համար Հայաստանի քաղաքացիություն ստանալը կարող է բարդանալ. ԱԱԾ-ն մտադիր է պարտադիր պահանջ սահմանել, որ ազգությամբ հայը վերջին երկու տարում առնվազն 60 օր օրինական հիմքով Հայաստանում բնակված լինի: Օրինագիծը քանի օր է՝ տեղադրված է իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում: 
Գործող օրենքով 18 տարին լրացած, գործունակ ցանկացած անձ կարող է դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար, եթե վերջին երեք տարին մշտապես բնակվել է Հայաստանում, կարող է բացատրվել հայերենով եւ ծանոթ է Հայաստանի Սահմանադրությանը: Նման պահանջներ չկան միայն ազգությամբ հայերի համար: Այժմ ԱԱԾ-ն առաջարկում է օրենքը խստացնել: Կառույցը, հղում անելով իր ուսումնասիրություններին, պնդում է, որ ազգությամբ հայ լինելով պայմանավորված՝ Հայաստանի քաղաքացիություն հայցող անձանց մի ստվար զանգված՝ հատկապես Մերձավոր Արեւելքի երկրների քաղաքացիները, երբեւէ չեն եղել Հայաստանում, ծանոթ չեն մշակույթին, պատմությանը, այստեղ անշարժ գույք ձեռք չեն բերել եւ տնտեսական գործունեություն չեն ծավալել:  
Հայաստանը պարտավոր է ապահովել Սփյուռքի հետ կապը՝ Մայր օրենքին հղում տալով՝ հիշեցնում է Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության նախկին պետը: Օրենսդրական լուծումներ գտնելիս՝ ազգային անվտանգության շահը պետք է համադրել Սփյուռքի շահին: 
Հայաստան-Սփյուռք միասնությունը խաթարելու փորձ է համարում ԱԱԾ նախաձեռնությունը՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը: 
Ի դեպ՝ օրինագծին դեմ է նաեւ Սփյուռքի մի շարք ներկայացուցիչների հետ տարբեր հարցերում տարաձայնություններ ունեցող Զարեհ Սինանյանի ղեկավարած կառույցը: Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակը հակառակ մոտեցման է. կողմ է, որ Հայաստանի քաղաքացիության ձեռքբերումը ազգությամբ հայերի համար շարունակաբար պարզեցվի: 
Սինանյանի ղեկավարած գրասենյակի ներկայացուցիչը պնդում է, որ 2022-ին Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը աննախադեպ մեծ է եղել, հետեւաբար՝ օրենսդրական փոփոխությունը ժամակավրեպ են համարում: ԱԱԾ-ին իր օրենսդրական նախաձեռնությունը լրամշակելու ու նման նուրբ հարցին ավելի զգուշավոր մոտենալու պահանջը նաեւ փորձագիտական շրջանակից է:

Մանրամասները ներկայացնում է Անահիտ Հովհաննիսյանը