կարևոր
1471 դիտում, 3 շաբաթ առաջ - 2022-07-18 20:44

Կողբում օրացույցում հաստատված օրից մեկ շաբաթ առաջ նշում են հայկական ամենասիրված տոներից՝ Վարդավառը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կողբում շաբաթն ուրբաթից շուտ եկավ՝ լավ իմաստով, օրացույցում հաստատված օրից մեկ շաբաթ առաջ նշում են հայկական ամենասիրված տոներից՝ Վարդավառը: 
Երգ, պար, թատերական ներկայացումներ, հյուրասիրություն եւ իհարկե՝ ջրոցի: Սպիտակ վրանների տակ տաղավարներ են՝ Տավուշի անհատ ձեռներեցները, գյուղերի կանայք իրենց արտադրանքը, բերք ու բարիքն են ներկայացնում. գյուղմթերք, զարդեր, ձեռագործ աշխատանքներ, հուշանվերներ եւ այլն: Սեղաններից անպակաս են Վարդավառին նվիրված հատուկ ուտեստները՝ այդ թվում ծանդիլը, նազուկը եւ շիլան: 
«Կողբ» հիմնադրամի տնօրեն Մարիա Պետրոսյանն ընդգծում է՝ փառատոնի նպատակներից է՝ Կողբը տնտեսական, կրթական եւ մշակութային կենտրոն դարձնելը՝ պահպանելով ազգային ավանդույթներն ու արժեքները: 
Նպատակն էր կազմակերպել այնպիսի միջոցառում, որը Կողբ կբերեր զբոսաշրջիկների Հայաստանի տարբեր բնակավայրերից եւ արտասահմանից: Այդպես էլ եղավ: Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանն է. օտարերկրյա հյուրերին պատմում է տոնակատարության առանձնահատկության մասին: Կողբեցիների համար իսկական տոն է, զարմացած են՝ ի՞նչ խելք է եղել էսքան մարդ են բերել: 
Արսեն Աղաբաբյանը, որը նախորդ տարի ՏԻՄ ընտրություններին գլխավորում էր «Ապրելու երկիր» կուսակցությունը, նախընտրական ծրագրում մեծ տեղ էր հատկացրել տուրիստական ենթակառուցվածքների ստեղծմանը. այս քաղաքականությամբ էլ առաջ է շարժվում: 
Համայնքի ղեկավարն ընդգծում է՝ առաջին անգամ է նման մասշտաբով Վարդավառը նշվում, ուզում են որ վերածվի անվանդույթի: Կարծում է՝ նման միջոցառումներով կարող են ակտիվացնել տարածաշրջանի զբոսաշրջությունը: 
Երկօրյա տոնակատարությանը այցելուները վայելեցին «Նեմրա» ռոք-խմբի, Արամ Mp3-ի, «Ethno Colors» խմբերի համերգային կատարումները:  

Մանրամասները՝ Լիանա Սարգսյանի տեսանյութում