Անբաժանելի ընկերուհին՝ Անուշիկը, թեեւ 8 տարեկան է, բայց հասցրել է շատ երկրներում լինել: 12 տարի առաջ՝ ծրագրավորող տիկին Ալլան վերադարձել է արտասահմանից ու սկսել տիկնիկագործություն ուսումնասիրել: Ասում է՝ թեեւ բացարձակ ծանոթ չէր, բայց սիրահարվել է այնպես, որ հիմա առանց տիկնիկների իր կյանքը չի պատկերացնում: Տիկնիկները հայկական են՝ դեմքով ու բնավորությամբ:
Անուշիկը, Սիրարփին ու շատերն այս անգամ Գյումրիում են հյուրընկալվել: Մասնակցում են «Գյումրի. վարպետաց քաղաք» արհեստների փառատոնին: Խոհանոցից մինչեւ արհեստ ու արվեստ, գորգագործություն, ասեղնագործություն, խեցեգործություն. կենտրոնական հրապարակում ավելի քան 60 տաղավար կա: Էլ ինչ փառատոն առանց հյուրասիրության:
Վարդանը Դիլիջանից է եկել մասնակցելու փառատոնին՝ գյումրեցիներին ու հյուրերին զարմացնելու իր խոհարարական հմտություններով:
Այսօրինակ փառատոնները նպատակ ունեն ոչ միայն նպաստել համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակմանն ու փոխանցմանը, այլեւ մեր երկրում մշակութային զբոսաշրջության զարգացմանը:
Հայկական գործերի կողքին ռուսական ու բելառուսական արվեստն ու արհեստն է, նրանց ազգային երգն ու պարը:
Անցնենք մյուս տաղավար, որտեղ տեղացի Գոհարն է ու իր հրեշտակները: Իր տաղավորում թեեւ լռություն է, բայց փոխարենը խոսուն են արվեստագետի աշխատանքները. Գոհարն աշխարհի ձայները փոքրուց չի լսում: Ցուցադրության հետ՝ բոլոր ցանկացողների համար տեղում վարպետաց դասեր են:
Փառատոնն ամեն տարի կազմակերպվելու է՝ Հայաստանի տարբեր համայնքներում:
Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում