Նախ «Սպուտնիկ Արմենիա»-ն, ապա Ռուսաստանում մեծ լսարան ունեցող մի շարք լրատվամիջոցներ առաջինը ազդարարեցին՝ Երեւանում է Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավար Ուիլյամ Բըրնսը: «Մինչդեռ Հայաստանում Ամերիկայի դեսպանատունը չի անոնսել այդպիսի բարձրաստիճան պաշտոնյայի այցը»,- սա է հիմնական շեշտը ռուսական լրատվամիջոցների հրապարակումներում: Իսկ ահա «Լենտա.ռու»-ն անգամ կապ է տեսել ու հատուկ հիշեցրել մեր երկրի Ազգային անվտանգության քարտուղարի օրերս արած այս հայտարարությունը:
Ինչեւէ, գործակալության ղեկավարի երեւանյան այցի օրակարգից շատ բան հստակ չէ: Ռուսական մեդիադաշտում հայտնված տեղեկություններից հետո միայն պաշտոնական հաղորդագրություններ տարածեցին Հայաստանի վարչապետի ու Անվտանգության խորհրդի գրասենյակները: Դրանցից պարզ է դառնում, որ օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի հետ Բըրնսը քննարկել է միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր: Խոսել են նաեւ Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների մասին: Իսկ տարածաշրջանում խաղաղության հաստատման Հայաստանի մոտեցումը, անվտանգության միջավայրն է նրան ներկայացրել Արմեն Գրիգորյանը: Ամեն դեպքում, Անվտանգության խորհրդի հաղորդագրությունում ավելի հստակ է նշվում՝ Գրիգորյանն ու Բըրնսը խոսել են Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացների մասին:
Այս տարածաշրջանի խնդիրների ու նրբությունների մասին Բըրնսը պետք է որ շատ լավ իմանա: Մինչ Կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավար դառնալը նա եղել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանը: Պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնում էլ զբաղվել է նաեւ Հարավային Կովկասի ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերով: Իսկ թե ինչ կարեւոր ուղղություն է այս տարածաշրջանը հետախուզական գործակալության համար, բավական է միայն հիշել, որ գերտերությունը մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, բարեկամ Չինաստանին ու հարեւան Իրանին մարտահրավեր, ինչ-որ տեղ նաեւ սպառնալիք է դիտարկում իր համար: Ավելին, Ռուսաստանը ամբողջ տարածաշրջանում ներկա է միայն մեր երկրում ներկա լինելով: Ու եթե առաջ միայն Հայաստանի Հանրապետությունում, ապա այժմ նաեւ Արցախում ունի ռազմական ներկայություն:
Ի՞նչ կարող է անել Երեւանը, որ ամերիկյան ու ռուսական շահերի այս բախումից շահած դուրս գա կամ գոնե չտուժի: Հարցիս պատասխանը հուսադրող չէր՝ ուշ է ինչ-որ բան անելու համար:
Սուրեն Սարգսյանը պնդում է՝ Նիկոլ Փաշինյանը «սխալ պոչից է բռնել». ոչ թե Արցախյան պատերազմն է սկսվել եւ աշխարհակարգ փոխվել, այլ աշխարհակարգը սկսել է փոխվել, հայաստանյան իշխանությունները համապատասխան հետեւություններ ու գործողություններ չեն արել եւ որպես հետեւանք՝ կորցրել ենք Արցախը: Իսկ աշխարհակարգը դեռ շարունակում է փոխվել:
Մանրամասները՝ Անահիտ Իվանյանի տեսանյութում