կարևոր
1009 դիտում, 1 ամիս առաջ - 2022-07-16 13:56

Միրզոյանն ու Ղարիբաշվիլին քննարկել են Վրաստանի տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների գործընթացի դյուրացման հարցը

Միրզոյանն ու Ղարիբաշվիլին քննարկել են Վրաստանի տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների գործընթացի դյուրացման հարցը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին գոհունակություն են հայտնել երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ քաղաքական երկխոսության հետագա ակտիվացումն ու պաշտոնական փոխայցելությունները կնպաստեն երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցության ամրապնդմանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարությունից:

Արարատ Միրզոյանը նշել է, որ Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի:

Ընդգծվել է տնտեսական համագործակցության ամրապնդման համար համապատասխան քայլերի իրականացման նշանակությունը և կարևորվել հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը: Քննարկվել են Վրաստանի տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների իրականացման գործընթացի դյուրացման և տարանցման հնարավորությունների ընդլայնման հետ կապված հարցեր:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության մի շարք հարցեր։

Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել վրացական կողմին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը հյուրընկալելու և տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը նպաստելու պատրաստակամության համար։

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: