կարևոր
904 դիտում, 3 շաբաթ առաջ - 2022-07-16 12:50

Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանին

Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանին

Հուլիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը շնորհավորեց դեսպանին նշանակման առիթով և կարևորեց երկու երկրների միջև հարաբերությունների ու գործակցության ընդլայնումը՝ նկատելով, որ դեսպանի մշտական ներկայությունը Հայաստանում էլ առավել պիտի արդյունավորի նրա աշխատանքը:

Նորին Սրբությունն անդրադարձավ հայ-սերբական պատմական կապերին՝ ընդգծելով Հայաստանյայց Առաքելական և Սերբ Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերությունները: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքը բերեց սերբ ժողովրդին արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած զորակցության համար։

Իր հերթին դեսպան Ցվետկովիչը, անդրադարձ կատարելով երկու ժողովուրդների պատմական անցյալին, ընդգծեց հայ և սերբ ժողովուրդների կյանքում առկա նույնական խնդիրները համատեղ, գործակցության ոգով հաղթահարելու անհրաժեշտության մասին: 

Այս առիթով Վեհափառ Հայրապետը հաստատեց, որ քրիստոնեական միևնույն արժեքներ դավանող հայ և սերբ ժողովուրդները դարերի ընթացքում հույսով ու հավատքով են վերապրել բոլոր փորձությունները և լավատեսության ոգով հաղթահարել դրանք:

Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետն իր բարեմաղթանքները բերեց նորանշանակ դեսպանին` մաղթելով վերջինիս արգասաբեր գործունեություն: