կարևոր
1783 դիտում, 1 տարի առաջ - 2022-07-15 19:27

ՊԵԿ-ը ցանկանում է ձեռք բերել մարդկանց բանկային տվյալները` առանց դատարանի թույլտվության․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հարկային մարմնին հասանելի կդառնան մարդկանց բանկային տվյալներն առանց նրանց համաձայնության, եթե Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությունն իրավական ուժ ստանա: Որքան էլ բանկային տվյալները գաղտնիք համարվեն, ՊԵԿ-ը դրանք ձեռք բերելու համար այլեւս դատարանից թույլտվություն ստանալու պարտավորություն չի ունենա: Կդիմի քաղաքացուն, ու եթե մերժում ստանա, բանկը կտրամադրի անհրաժեշտ տեղեկությունը: 
Եթե անձի իրավունքը, օրինակ՝ բանկային գաղտնիք ունենալու, սահմանափակվում է, նպատակը պետք է իրավաչափ լինի. ասում է իրավաբանը: 
Պետեկամուտների կոմիտեից թեեւ դեռ չեն մեկնաբանում նախագիծը, բայց հանրային քննարկման ներկայացրած փաստաթղթի հիմնավորումներում որպես նպատակ սահմանված էր եկամուտների թերհայտարարագրումները բացահայտելը: Ի դեպ՝ օրինագիծն արդեն հեռացվել է Իդրաֆթից: ՊԵԿ-ից պարզաբանում են, որ չեն հրաժարվել նախաձեռնությունից. լրամշակելու են ու նորից ներկայացնեն քննարկման: 
Ընդդիմադիր պատգամավորը ՊԵԿ նախաձեռության մեջ բացառապես թերություններ է տեսնում. կոռուպցիոն ռիսկերը կաճեն, ներդրումային գրավչությունը կզրոյանա: 
Եթե պատգամավորը տնտեսական վտանգների մասին է ահազանգում, փաստաբան Մհեր Ղազարյանի համար էլ իրավական ռիսկերն են ակներեւ. իրավական որոշակիության սկզբունքն է խախտվում. անձը չգիտի՝ իր որ տվյալներն են հարկային մարմնին հասանելի դառնալու ու որ դեպքերում: 
Ի դեպ՝ դեռ 2019 թվականին էր Կառավարությունը փորձում հասանելիություն ստանալ մարդկանց բանկային գաղտնիքին: Ըստ այդ նախաձեռնության՝ քրեական հետապնդում իրականացնող մարմինները կկարողանային ստանալ ոչ միայն կասկածյալի կամ մեղադրյալի, այլեւ նրանց ընտանիքի անդամների եւ փոխկապակցված անձանց բանկային տվյալները: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հակափաստարկներ ուներ այդ նախագծի դեմ: 
Օրենսդիրն, այնուամենայնիվ, ամբողջությամբ ընդունեց օրինագիծը, բայց նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվեց ստորագրել այն. ուղարկեց Սահմանադրական դատարան, որտեղ էլ փոփոխությունը հակասահմանադրական ճանաչվեց: 

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում