կարևոր
877 դիտում, 1 ամիս առաջ - 2022-07-15 19:02

Ներկայացուցիչների պալատը հայանպաստ 4 լրացում է ընդունել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտնում է մեծ հաղթանակի մասին՝ Կոնգրեսի ստորին պալատում: Ներկայացուցիչների պալատը հայանպաստ 4 լրացում է ընդունել 2023 թվականի ֆինանսական տարվա Ազգային անվտանգության հատկացումների ակտում: 
Թիվ 121 լրացում. Պետքարտուղարությունից ու Պենտագոնից պահանջվում է հետաքննել Արցախի դեմ ադրբեջանական ռազմական հանցագործությունները եւ Բաքվին տրամադրված ամերիկյան արտադրանքների ազդեցությունը՝ 44-օրյա պատերազմի վրա: 
Կոնգրեսական Ադամ Շիֆի ներկայացրած համար 611 լրացումով՝ Ադրբեջանից պահանջվում է անհապաղ ազատ արձակել հայ բոլոր ռազմագերիներին եւ պահվող այլ անձանց: 
Թիվ 337 լրացում. կրկին Պետքարտուղարությունից եւ Պենտագոնից պահանջվում է հետաքննել՝ արդյոք Բաքվին տրամադրվող ամերիկյան ռազմական օգնությունը խաթարո՞ւմ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: 
Եվ թիվ 339 լրացում, որով բարդացվում է ամերիկյան F-16 կործանիչների եւ դրանց արդիականացման սարքերի վաճառքը Թուրքիային: Անկարան կկարողանա ձեռք բերել ամերիկյան կործանիչները, միայն եթե Միացյալ Նահանգների նախագահը հաստատի, որ դա չի հակասում Ամերիկայի ազգային շահերին: Նաեւ Թուրքիան պետք է երաշխավորի, որ ամերիկյան կործանիչներով չի ներխուժի Հունաստանի օդային տարածք: Հատկանշական է, որ F-16-երի ձեռքբերման թույլտվությունը Ռեջեփ Էրդողանի նախապայմաններից էր՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությանը չխանգարելու համար: Եվ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունիսին Մադրիդում, ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում, Էրդողանի հետ առանձնազրույցից հետո հայտարարել էր, որ կաշխատի՝ Կոնգրեսի հավանությունն այս հարցում ստանալու ուղղությամբ: Թուրքիային F-16-երի վաճառքը սահմանափակող լրացումը այս ընթացքում հանդիպել է էրդողանամետ լոբբիստների հզոր հակազդեցությանը, սակայն, ի վերջո, ընդունվել է ձայների 244 կողմ, 179 դեմ հարաբերակցությամբ: Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, Ներկայացուցիչների պալատում քննարկումների ժամանակ, հայտատարել է, որ Թուրքիային ամերիկյան ժամանակակից կործանիչների վաճառքը չի դրդի Էրդողանին հանկարծակի դառնալ լավ դաշնակից: 
Կոնգրեսականների հետ այս լրացումների շուրջ սերտ աշխատած Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը շնորհակալություն է հայտնել բոլոր համակիրներին, որոնք հնարավոր դարձրին այս հաղթանակը: 
Սա դեռ առաջին քայլն է: 2023 թվականի ֆինանսական տարվա Ազգային անվտանգության հատկացումների ակտի իր տարբերակը պետք է մշակի նաեւ Սենատը: Դրանից հետո միայն Կոնգրեսի 2 պալատները կընդունեն միասնական վերջնական փաստաթուղթը: Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը հայտնում է, որ հետեւողականորեն աշխատելու է Ներկայացուցիչների պալատում հաստատված բոլոր լրացումները Սենատում եւս անցկացնելու ուղղությամբ: 

Մանրամասները ներկայացնում է Մարինե Մելիքսեթյանը