կարևոր
1357 դիտում, 4 շաբաթ առաջ - 2022-07-14 17:10

Խստիվ դատապարտում ենք Մուրադ Փափազյանի հանդեպ կիրառված ապօրինի քայլը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Խստիվ դատապարտում ենք Մուրադ Փափազյանի հանդեպ կիրառված ապօրինի քայլը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Հայաստանի ապազգային իշխանութիւնների սահմաններ չճանաչող անհանդուրժողականութիւնը նորանոր դրսեւորումներ է ստանում։ Այս գիշեր առանց բացատրութեան ու հիմնաւորման արգելուել է Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ՝ Մուրադ Փափազեանի մուտքը Հայաստան։

Հայաստանի, Արցախի եւ Հայ Դատի համար տասնամեակներ պայքարած ազգային գործչի նկատմամբ նման վերաբերմունքը ոչ այլ ինչ է, եթէ ոչ քինախնդիր, փոքրոգի քայլ եւ թշնամուն հաճոյանալու պարզունակ դրսեւորում։

Համոզուած ենք, որ Ֆրանսիայի Հանրապետութեան Ազգային տօնի՝ Բաստիլի գրաւման օրը Ֆրանսիայում ճանաչուած եւ յարգուած հայազգի քաղաքացու նկատմամբ ազատ տեղաշարժուելու իրաւունքի կոպիտ ոտնահարումը պատշաճ գնահատական կ՚ստանայ նաեւ ֆրանսիական իշխանութիւնների կողմից։

Ցաւալիօրէն յատկանշական է, որ Թուրքիայում եւ Ադրբեջանում անցանկալի անձ յայտարարուած Մուրադ Փափազեանը հիմա արդէն անցանկալի անձ է փաշինեանական իշխանութիւնների համար։ Ազգային գործիչներին թիրախաւորելու եւ սփիւռքահայերին Հայաստանից օտարելու փաշինեանական ծանօթ ձեռագիրն է։ Սա հարուած է համահայկականութեան գաղափարի իրականացման ճիգին, ժողովրդավարութեան լուրջ նահանջ է Հայաստանում եւ բռնապետութեան հաստատման ակնյայտ դրսեւորում։

Խստիւ դատապարտում ենք Մուրադ Փափազեանի նկատմամբ կիրառուած ապօրինի քայլը, ինչը առանց պատշաճ բացատրութեան եւ վերանայման չի կարող մնալ։

Դաշնակցականների նկատմամբ սանձազերծուած հալածանքների նորօրեայ դրսեւորմները՝ ձերբակալութիւնները, կալանաւորումները, պաշտօնազրկումները, տարատեսակ ապօրինութիւնները, ըստ էութեան քողազերծում են հայութեան դէմ ուղղուած ազգադաւ ծրագրերը։ Դրանք որեւէ կերպ չեն կարող յետ պահել մեզ պայքարի մեր ուղուց։

Թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկող փաշինեանական վարչախումբը ի վերջոյ ինքնաբացայայտուելու է եւ գտնելու է իր վախճանը։

Հ.Յ.Դ. ԲԻՒՐՕ
14 Յուլիս, 2022 թ.