կարևոր
880 դիտում, 1 ամիս առաջ - 2022-07-13 20:53

Ապօրինի գույքի բռնագանձման գործով նախկին պաշտոնյաներին կանչել են դատախազություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հրազդանի նախկին ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանին ու նրա ընտանիքի անդամներին կանչել են Դատախազություն՝ պարզաբանումներ տալու: Դանիելյանների ընտանիքին պատկանող գույքը դատախազությունում համարել են ապօրինի ու բռնագանձման ենթակա: Թե ինչ գույքի մասին է խոսքը՝ նախկին քաղաքապետը չմեկնաբանեց, առաջարկեց իր փաստաբանների հետ զրուցել: 
2002-18 թվականներին Հրազդանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Դանիելյանը առանձնապես խոշոր չափերի յուրացումներ եւ վատնումներ կատարելու գործով ձերբակալվել էր 2019 թվականի փետրվարին, երկու օր անց ազատ արձակվել, ըստ Քննչական կոմիտեի՝ քանի որ վերականգնել էր պետությանը պատճառված ավելի քան 100 միլիոն դրամի վնասը: Մինչդեռ Դանիելյանի փաստաբանն այլ սցենար է պատմում:  
Փաստաբանը դատախազությանը հորդորում է ուսումնասիրել իրենց արդեն նախկին ղեկավար Արթուր Դավթյանին պատկանող գույքերի օրինականությունը: 
Նախկին գլխավոր դատախազներից Գեւորգ Կոստանյանին են, փոխարենը, ապօրինի գույքի բռնագանձման գործով դատախազություն հրավիրել: Նման մի ծանուցում էլ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ընտանիքն է ստացել: Ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելու մասին օրենքն ընդունվել է 2020 թվականի ապրիլին: Այն մեծ աղմուկ բարձրացրեց, քննադատվեց, որ կիրառվելու է միայն ընդդիմադիրների դեմ, որ իշխանությունների ձեռքին նրանց վարկաբեկելու ու ճնշելու գործիք է: 
Օրենքը հակասահմանադրական էին համարել նաեւ գործող խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն ու դիմել Բարձր դատարան դեռ 2021-ի նոյեմբերին: Եվ միայն օրեր առաջ՝ հուլիսի 8-ի աշխատակարգային նիստում, ՍԴ-ն որոշել է գործի վարույթը կասեցնել ու խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել Վենետիկի հանձնաժողով: 

Մանրամասները ներկայացնում է Անահիտ Հովհաննիսյանը