կարևոր
1390 դիտում, 10 ամիս առաջ - 2022-07-12 21:43

Ընդդիմադիրները հումորով են վերաբերվում մանդատներից զրկվելու հարցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Պատիվ ունեմ»-ում ժպիտով են ընդունել իրենց մանդատներից զրկելու հարցով Բարձր դատարան դիմելու իշխանականների նախաձեռնությունը. ասում է խմբակցության քարտուղարը, որը, ամենայն հավանականությամբ, շուտով կզբաղեցնի ղեկավարի պաշտոնը: 
Ժպիտի պակաս չի եղել նաեւ մյուս ընդդիմադիր՝ «Հայաստան» խմբակցությունում: 
Մինչեւ հուլիսի 14-ը Ազգային ժողովի խորհուրդը պետք է նիստ գումարի «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներին մանդատներից զրկելու համար Սահմանադրական դատարան դիմելու հարցով: Որոշման նախագծերը հրապարակվել են, դրանցում բացակայում են միայն «Պատիվ ունեմ» խմբակցության քվոտայով խորհրդարան անցած Իշխան Զաքարյանի ու Թագուհի Թովմասյանի անունները: Զաքարյանը, հիշեցնեմ, ընտրվելուց մի քանի ամիս անց լքել է ընդդիմադիր խմբակցությունը, Թագուհի Թովմասյանն էլ վերջերս հայտարարել էր, որ ինքը մասնագիտական հանձնաժողովի անկախ ու անկուսակցական նախագահ է: Իսկ մանդատից զրկվելու վտանգի տակ հայտնված պատգամավորները գործընթացը քաղաքական հաշվեհարդար են համարում: 
ԱԺ կանոնակարգ օրենքով՝ պատգամավորը կարող է զրկվել մանդատից, եթե մեկ օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայել է, ինչը պետք է ապացուցվի Սահմանադրական դատարանում: 
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ մեկ անգամ չէ, որ շեշտել էր. ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցին անդրադառնալիս բացակայություններն են հիմք ընդունելու, հիմա էլ է պնդում՝ գործընթացն օրենքի պահանջ է: Մինչդեռ մոտ երկու շաբաթ առաջ թույլատրելի բացակայությունների շեմը հատած ընդդիմադիրների ցանկում, որը մեզ խորհրդարանն էր տրամադրել, ընդամենը 14 պատգամավորի անուն էր, բայց հիմա մանդատներից զրկելու գործընթացը 33 ընդդիմադիրի է վերաբերում: Ի՞նչ փոխվեց երկու շաբաթվա ընթացքում: 
«Պատիվ ունեմ»-ից անելիքների մասին կխոսեն, երբ իշխող ուժը մտադրությունների փուլից անցնի հստակ քայլերի: 
«Հայաստան» խմբակցությունը վստահ է, որ Բարձր դատարանում իշխանության դիմումները հիմնազուրկ են լինելու: Ի դեպ՝ այնտեղ պատգամավորին մանդատից զրկելու գործընթացն այդքան էլ հեշտ չէ: ԱԺ խորհուրդը յուրաքանչյուր պատգամավորի համար առանձին դիմում պետք է ուղարկի ՍԴ: Բարձր դատարանն էլ իր հերթին պետք է առանձին որոշումներ կայացնի՝ յուրաքանչյուր պատգամավորի գործով, հետեւապես, 33 դիմում է քննելու ու որոշումները հրապարակելու դրանց մուտքագրման պահից ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում: 

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում