կարևոր
841 դիտում, 3 շաբաթ առաջ - 2022-07-12 16:08

Վարդազարյան-Ջհանգիրյան հանդիպման 3-րդ մասնակիցը՝ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը ՔԿ է կանչվել

Վարդազարյան-Ջհանգիրյան հանդիպման 3-րդ մասնակիցը՝ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը ՔԿ է կանչվել

Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և ԲԴԽ նախկին անդամ և ԲԴԽ նախագահի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հանդիպմանը ներկա՝ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը, ծանուցվել է հարցաքննության համար՝ ավելի վաղ հրապարակված ձայնագրության վերաբերյալ ՔԿ-ում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Այս մասին 24News-ին ասաց քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

Ըստ նրա՝ Ստեփան Միքայելյանը ՀՀ դատական օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվել է իր մասնակցությամբ, որպես վկա, «հարցաքննություն» քննչական գործողություն իրականացնելու մասին։

Հարցին, առերեսում եղե՞լ է Ջհանգիրյանի, Վարդազարյանի հետ, Թադեւոսյանը պատասխանեց, որ կարող է միայն հաստատել Միքայելյանի՝ հարցաքննության հրավիրվելու փաստը։

Ավելի վաղ ՔԿ-ում վկայի կարգավիճակով հարցաքննվել էր նաև Վարդազարյանը։ 

Հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը ասուլիսին ձայնագրություն էր հրապարակել, որում Ջհանգիրյանը քաղաքական հայտարարություններ էր անում, համոզում էր Վարդազարյանին հրաժարական տալ ԲԴԽ նախագահի պաշտոնից՝ վստահեցնելով, որ վերջինս հետապնդումների չի ենթարկվի։ Վարդազարյանը մերժել էր առաջարկը։

Ձայնագրության հրապարակումից հետո Գագիկ Ջհանգիրյանը Հ1-ին տված հարցազրույցում ասել էր, որ «կուտ էր տալիս» Վարդազարյանին ու մեղադրում դատական համակարգը գործադիր իշխանությանը հակադրելու մեջ։

ՀՀ քննչական կոմիտեում Ռ. Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրության կապակցությամբ նախապատրաստված նյութերով նախաձեռնվել է վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին) մասով և 486-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ արդարադատության կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացումը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը կամ գործի քննությունը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի կամ ներկայացուցչի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը)։