կարևոր
730 դիտում, 3 շաբաթ առաջ - 2022-07-12 09:28

Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ հերթական նիստը

Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ հերթական նիստը

Երեկ ՀՀԿ կենտրոնակայանում Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել կուսակցության Գործադիր Մարմնի հերթական նիստը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀԿ գործադիր մարմնից։

Նիստի ընթացքում քննարկվել են կուսակցության գործունեության հետ կապված մի շարք հարցեր։

Շեշտվել է կառուցվածքային ստորաբաժանումների հետ աշխատանքների ակտիվացման եւ ոլորտային կազմակերպությունների աշխատանքային ծրագրերը լիարժեք իրագործելու կարեւորությունը։

Նիստին ներկայացվել է նաեւ ՀՀԿ արտաքին կապերի շրջանակներում միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքների մասին ընթացիկ տեղեկատվությունը։

Քննարկվել է Ազգային Ժողովում Հանրապետական պատգամավորների հետագա գործունեությունը։

Ի գիտություն է ընդունվել «Հայրենիք» կուսակցության ղեկավարի հայտարարությունը «Պատիվ ունեմ» դաշինքից դուրս գալու մասին եւ արձանագրվել է դաշինքի գոյության դադարումը։

Հաշվի առնելով, որ նույնանուն խմբակցությունը Ազգային Ժողովում դեռեւս գոյություն ունի եւ նրա ղեկավարի թափուր պաշտոնը իրավաքաղաքական գործընթացների ապահովման տեսանկյունից պետք է լրացնել, ՀՀԿ ԳՄ-ն առաջարկել է խմբակցության ղեկավարի պաշտոնում Հայկ Մամիջանյանի, իսկ քարտուղարի պաշտոնում՝ Տիգրան Աբրահամյանի թեկնածությունները։

Այս համատեքստում վերահաստատվել է, որ կուսակցության խորհրդարանական գործունեության առանցքն եղել եւ մնում է գործող վարչախմբի հեռացումը, ուստի թե խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս Հանրապետականը պատրաստ է համագործակցության այդ օրակարգը հետապնդող պատգամավորների, քաղաքական եւ հասարակական ուժերի ու գործիչների հետ։

Քննարկվել են նաեւ Հայաստանի եւ Արցախի շուրջ հետեւողականորեն վատթարացող անվտանգային միջավայրի մարտահրավերները, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումները։