կարևոր
733 դիտում, 3 շաբաթ առաջ - 2022-07-11 19:47

ԿԳՄՍ նախարարությունը պահանջել է դադարեցնել ցանկացած գործողություն Հատիս լեռան տարածքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հատիս լեռան գագաթին Քրիստոսի արձանի հիմնաքարն արդեն դրված է. կառավարությունը «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի հետ երկկողմ հուշագիր է ստորագրել։ 
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու հատուկ այս առիթով լեռը բարձրացած՝ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը համակարծիք են. ծրագիրը տուրիստական հոսքեր է բերելու:  
Կառավարության հետ հուշագրի ստորագրման օրը Ծառուկանին նաեւ քաղաքական հարցեր ուղղեցին: Նա նշեց՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով իր դիրքորոշումը չի փոխել: 
Մեկ օր անց ԿԳՄՍ նախարարությունը հաղորդագրություն է տարածում ու պահանջում դադարեցնել յուրաքանչյուր տեսակի գործունեություն հնավայր-ամրոցի տարածքում: Ասում է՝ լեռան փեշերին կան պատմության եւ մշակույթի տարբեր դարաշրջաններով թվագրվող 20 հուշարձաններ, որոնցից բրոնզ-երկաթեդարյան հնավայր-ամրոցը նորահայտ օբյեկտ է՝ 2019-ին են հայտնաբերել: 
ԿԳՄՍ նախարարության կայքում տեղադրված քննադատական գրառումը հեռացվեց, կրկին տեղադրվեց. խոսնակի խոսքով՝ գրառումը չի երեւացել տեխնիկական պատճառներով: 
Կառավարության նիստում, որտեղ Փաշինյանը նախնական դրական գնահատական էր տվել Հատիսի գագաթին Հիսուսի արձանը տեղադրելու նախագծին, ներկա էր ԿԳՄՍ նախարար Դումանյանը, որն այդ ժամանակ որեւէ առարկություն չներկայացրեց: 
Հատիս լեռան գագաթին սկսված աշխատանքները այլ հնագետներ նույնպես քննադատելի են համարում: Համլետ Պետրոսյանի գնահատմամբ՝ ցավալի է տեսնել Հատիսի ավերումները, որոնք արվում են հայաստանյան իշխանությունների համաձայնությամբ: 
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հակված է չվնասելու որեւէ հուշարձան՝ վստահեցնում են հիմնադրամից: Պարզաբանում տարածեցին, որ արձանի շինարարությունը կսկսեն միայն մասնագիտական խմբի դրական եզրակացություններն ու թույլտվությունները ստանալուց հետո: «Հետք» իներնետային կայքը հրապարակեց, որ մեկ ամիս առաջ Հատիս լեռան ստորոտում գտնվող 140 հեկտար հողատարածք օտարվել է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին: Հիմնադրամը վստահեցրեց, որ այս պահին ընդամենը ճանապարհների, էլեկտրականության, գազի ու ջրի մատակարարումն ապահովելու աշխատանքներն են իրականացնում: 

Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում