Ափսոսում եմ, շատ եմ ափսոսում, որովհետև Մանվել Փարամազյանն այս իշխանության դեմ պայքարել է, այդ պայքարի հետևանքով ապօրինի ազատազրկվել է և քանի ամիս բանտարկության մեջ է գտնվել, այն ինչ կատարվել է Քաջարանում, ինձ համար անընդունելի է, ինչ-որ տեղ նաև անհասկանալի․ Քաջարանի քաղաքապետի կողմից Աննա Հակոբյանին վարդերով դիմավորելու դեպքի վերաբերյալ այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Բայց յուրաքանչյուրն ինքն է որոշում իր ընթացքը, իր գործությունեությունը, և իր արածի ու քայլերի համար տալիս է բացատրություն և կրում պատասխանատվություն։ Անկեղծ, ես ափսոսում եմ, ափսոսում, որովհետև ինքն այն մարդկանցից էր, որը դուրս էր եկել պայքարի և այդ պայքարի համար ազատությունից զրկվել էր։ Ի՞նչ է փոխվել, ի՞նչ է կատարվել, մանրամասների մասին տեղյակ չեմ: Մի բան վստահեցնում եմ, մենք ասել ենք, որ հեշտ չի լինելու, իրոք, մարդիկ են լինելու, որ չեն դիմանալու, որ ընտրություն են անելու, բայց դա որևէ կերպ չի ազդելու մեր շարժման ընթացքի վրա»,–ասաց Իշխան Սաղաթելյանը։
Վերջինս չբացառեց, որ նման դեպքեր էլի կլինեն, բայց բացառում է, որ նման դեպքերը կարող են մեծ ազդեցություն ունենալ «Դիմադրություն» շարժման վրա։
«Ով գնալու է, թող գնա, տեսնենք տակը քանի հոգի է մնում, որ մենք էլ իմանանք՝ ուր ենք գնում», - ասաց Իշխան Սաղաթելյանը: