կարևոր
1204 դիտում, 1 ամիս առաջ - 2022-07-09 23:16

Շրի Լանկայում ցուցարարները գրավել են նախագահի նստավայրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ո՛չ արցունքաբեր գազ կիրառելը, ո՛չ օդում կրակոցներ արձակելը հետ չի պահում Շրի Լանկայի տարբեր ծայրերից մայրաքաղաք Կոլոմբոյում հավաքված բազմահազարանոց ցույցի մասնակիցներին: Իսկ պահանջը մեկն է՝ նախագահն ու վարչապետը պետք է հրաժարական տան: Խժդժությունների ժամանակ առնվազն 39 մարդ է տուժել: 
Լողավազանային այս խրախճանքի կադրերը Շրի Լանկայի նախագահի նստավայրից են: Ցուցարարները գրոհել եւ, ինչպես տեսնում եք, լավ «տեղավորվել են» կեցավայրի տարածքում: Նախագահ Գոտաբայա Ռաջապակսան հասցրել է հեռանալ մինչեւ ցուցարարների հայտնվելը: Նրա գտնվելու վայրը հայտնի չէ, սակայն երկրի պաշտպանության նախարարությունից «Ֆրանս պրես»-ին վստահեցրել են՝ նա է դեռ նախագահը: 
Վերջին տարիների գլխավոր փորձանքը՝ կորոնավիրուսը, հարվածել է նաեւ Շրի Լանկայի զբոսաշրջությանը, որպես հետեւանք՝ երկիրը սպառել է արտարժույթի պահուստները եւ դժվարությամբ է ներկրում սննդամթերք, վառելիք ու դեղորայք: Պետության արտաքին պարտքը 51 մլրդ դոլար է գնահատվում: Մեղադրանքների գլխավոր հասցեատերը տարիներ շարունակ իշխանության ղեկը ձեռքից բաց թողնել չցանկացող Ռաջապակսա ընտանիքն է, որը, ցուցարարների պնդմամբ, տնտեսությունը սխալ է կառավարում, Չինաստանից էլ մեծ պարտքեր է վերցրել: Անկախացումից հետո, այսինքն՝ վերջին 70 տարում այսպիսի խորը ճգնաժամ 22 միլիոնանոց բնակչությամբ կղզի պետությունում, փորձագետների վստահեցմամբ, չի եղել:

Մանրամասները՝ Անահիտ Իվանյանի տեսանյութում