Ծանր վիրավորանքը քրեականացնելու մասին հոդվածը իշխանությունները ներառեցին Քրեական օրենսգիրք, 9 ամիս չանցած՝ իրենք էլ չեղարկեցին. հետեւանքն այն եղավ, որ 1000-ից ավելի մարդ, ում հանդեպ այս հոդվածով քրեական գործ էր հարուցվել, կես տարուց ավելի անիմաստ գումար, ժամանակ եւ նյարդեր վատնեցին: Պետությունն էլ վատնեց բյուջեի փողը՝ իրավական ընթացակարգերի վրա: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի փոխանցմամբ՝ ծանր վիրավորանքը քրեականացնելու հոդվածով մոտ 1000 գործ է հարուցվել, դատարան է ուղարկվել 48-ը, որոնցից 6-ով կայացվել են մեղադրական դատավճիռներ:
Արմինե Ադիբեկյանին եւս մեղադրանք է առաջադրվել Փաշինյանին ծանր վիրավորելու համար, քանի որ նրա գրքից մեջբերում էր հրապարակել. հուլիսի 1-ից՝ հոդվածի ապաքրեականացումից հետո, պարզվեց, որ նա էլ գոյություն չունեցող հոդվածով է մեղադրվում: Իրավապաշտպանն ու գործով դատախազը դատի ընթացքում պնդեցին, որ վարույթը կարճվի արդարացնող հիմքով, իսկ Ադիբեկյանը պնդեց, որ դատը շարունակվի: Ադիբեկյանը պատրաստ է այդ անձանց ներկայացնել, թե դատաքննության ընթացքում որքան վնաս է կրել, հատկապես ֆինանսական:
Ծանի վիրավորանք հասցնելու գործով անցնողները, որոնք այդ հոդվածի ապաքրեականացումից հետո բարոյական ու նյութական վնաս են կրել, փոխհատուցում կստանան, թե ոչ՝ պարզ կլինի օգոստոսից հետո, երբ հատուկ նիստեր նշանակվեն եւ կարճվեն վարույթները:
Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում