կարևոր
775 դիտում, 1 ամիս առաջ - 2022-07-08 19:45

Ճապոնիայի նախկին վարչապետի սպանությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 կրակոց, որ ցնցեց ամբողջ աշխարհը: Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեին հրազենից վիրավորում են պարանոցի եւ սրտի շրջանում, երբ ուրբաթ առավոտյան Նարա քաղաքում ելույթ էր ունենում հանրահավաքի ժամանակ: Սրտի կանգով, ներքին արյունահոսությամբ 67-ամյա Աբեին ուղղաթիռով տեղափոխում են հիվանդանոց, որտեղ էլ 4 ժամ անց մահանում է:  
Ճապոնիայի նախկին վարչապետին սպանած տղամարդը կանգնած էր Աբեի հետեւում, մի քանի մետր այն կողմ: Հրաձիգը ձերբակալվել է անմիջապես դեպքի վայրում: Ճապոնական լրատվամիջոցների տեղեկություններով, կասկածյալը Նարա քաղաքի 41-ամյա բնակիչ, երկրի ծովային ուժերի նախկին անդամ է: Ցուցմունք տալիս նա ասել է, թե դժգոհ էր Աբեից ու ուզում էր սպանել նրան: Սպանել է՝ ինքնաշեն զենքով:  
Սինձո Աբեն Ճապոնիայի ամենաերկար պաշտոնավարած վարչապետն էր. երկիրը ղեկավարել է 3.188 օր: Ճապոնիայի ամենաազդեցիկ դեմքերից էր՝ անգամ/ 2 տարի առաջ, առողջական խնդիրների պատճառով/, պաշտոնը թողնելուց հետո: 
Ճապոնիայի գործող վարչապետը, արցունքները հազիվ զսպելով, Սինձո Աբեի սպանությունը դաժանության դրսեւորում է որակել՝ ընդգծելով, որ դա տեղի է ունենում 2 օրից կայանալիք խորհրդարանի վերին պալատի ընտրությունների շեմին: Աբեն մասնակցում էր իշխող կուսակցության թեկնածուի քարոզարշավին: Սպանությունը դատապարտել են համաշխարհային առաջնորդները: 
Ինչո՞ւ եւ ինչպե՞ս: Ցնցված ճապոնացիներն այս հարցերի պատասխանն են որոնում: Ճապոնիան աշխարհի ամենաանվտանգ երկրներից է համարվում: Հրազենային հարձակումներ այստեղ հազվադեպ են լինում, գործում են զենք կրելն արգելող խիստ օրենքներ: Ինչեւէ. վերլուծաբաններն արդեն կանխատեսում են՝ այս սպանությունը կարող է փոխել Ճապոնիան ընդմիշտ: 

Մանրամասները ներկայացնում է Մարինե Մելիքսեթյանը