կարևոր
682 դիտում, 1 ամիս առաջ - 2022-07-07 20:46

Բորիս Ջոնսոնը հրաժարականի մասին է հայտարարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գրեթե 3 տարի Մեծ Բրիտանիայի վարչապետի աթոռը զբաղեցնելուց հետո Բորիս Ջոնսոնն իր կուսակից պահպանողականների դրդմամբ հրաժարականի մասին է հայտարարել: Ջոնսոնն անձամբ, ինչպես ինքն է խոստովանել, չէր ցանկանա լքել «աշխարհի լավագույն պաշտոնը»: 
Նա նախեւառաջ կհեռանա Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից, բայց մտադիր է մինչեւ նոր առաջնորդի ընտրությունը կատարել վարչապետի պարտականությունները: 
Երեքշաբթիից առ այսօր Ջոնսոնի կառավարությունից հեռացել է ավելի քան 50 նախարար: Հրաժարականների զանգվածային ալիքի հիմքը դրել են Մեծ Բրիտանիայի Ֆինանսների ու Առողջապահության նախարարները, որոնք հայտարարել էին, թե հրաժարական են տալիս վարչապետի նկատմամբ անվստահության ու նրա ղեկավարման մեթոդների հետ անհամաձայնության պատճառով: Հրաժարականները պայմանավորված են նախկին փոխարտգործնախարար Քրիստոֆեր Պինչերի նշանակման սկանդալով: Պինչերը նախկինում լոնդոնյան ակումբներից մեկում հարբած վիճակում ծեծկռտուք էր կազմակերպել, եւ մի շարք քաղաքական գործիչներ պնդում են, որ իմանալով դա՝ Ջոնսոնը նրան կարեւոր պաշտոնի էր նշանակել: Ինչեւէ, թագավորության ներքին խնդիրները թողած, անգամ իր հրաժարականի ելույթում Բորիս Ջոնսոնը Ուկրաինայի մասին է խոսում: 
Հենց Ուկրաինան ու Ռուսաստանն էլ նրա հրաժարականին արձագանքած առաջին երկրներից են: Վլադիմիր Զելենսկիի խորհրդական Միխայլո Պոդոլյակը շնորհակալությունն է հայտնել Բորիս Ջոնսոնին պատերազմի ժամանակ առաջինը Կիեւ գալու եւ իրենց երկրին աջակցելու համար: Իսկ ահա Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է՝ «Ջոնսոնն ընդհանրապես չի սիրում Ռուսաստանը, մենք էլ իրեն»: 

Մանրամասները ներկայացնում է Անահիտ Իվանյանը