Հեռուստատեսության եւ Ռադիոյի հանձնաժողովը 400 հազար դրամ տուգանեց «Երկիր մեդիա»-ին: Հաջորդ անգամ կկասեցնեն հեռուստաընկերության գործունեությունը. Տիգրան Հակոբյանը խոստացավ անձամբ միջամտել:
Որոշումը քաղաքական ենթատեքստ ունի, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրենն է շեշտում: Հեուստաընկերության դեմ վարույթ են հարուցել «Կոռուպցիա 2. հատուցում» հեռուստասերիալի մի դրվագի եւ իրավապահ մարմնի ներկայացուցչի՝ ուղիղ հեռարձակմամբ հայհոյելու համար:
Բագրատ Եսայանի գնահատմամբ հայհոյանքը, որը հնչել է ուղիղ եթերի ընթացքում եւ գործնականում հնարավոր չի եղել կանխել, «Երկիր մեդիա»-ի որդեգրած քաղաքականության համար եւս անընդունելի է:
Հեռուստասերիալում Հայ Առաքելական եկեղեցու արժեքները, իբրեւ թե, ոտնահարվելու մասին Եսայանն ասաց՝ դա ՀՌՀ-ի գնահատականն էր առանց փորձագիտական կարծիքի: Հեռուստատեսության եւ Ռադիոյի հանձնաժողովը չէր դիմել անգամ եկեղեցու դիվանին բազմասերիանոց ֆիլմում քննադատվող տեսարանի մասին եզրակացություն ստանալու համար:
Երկու ՀԿ-ներ՝ «Նոր Սերունդ»-ն ու «Իրավունքի կողմ»-ը եւս դիմել էին ՀՌՀ-ին՝ դժգոհելով հեռուստասերիալի հայհոյախառն արտահայտություններից, որոնք ի դեպ, «Երկիր մեդիա»-ի եթերում չեն հեռարձակվել՝ փակվել են: Հասարակական կազմակերպությունների կարծիքով՝ ֆիլմը նսեմացնում է ԼԳԲՏ անձանց հասարակության շրջանում:
Տիգրան Հակոբյանը վարույթից հանեց դիմումները: Ի դեպ, «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության նախագահը տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանն է, որը 2019 թվականին ելույթ ունեցավ գլխավոր ամբիոնից:
«Եթե արգելք է սահմանվում գռեհիկ խոսքի վրա, ապա հեռուստատեսությունից առհասարակ պետք է բացառվեն նման հաղորդումներն ու քաղաքական գործիչների հայտարարությունները»- շեշտեց սահմանադրագետ Վահե Գրիգորյանը:
Հեռուստատեսության եւ Ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն էլ ասաց, թե լավ գիտի ինչու է ցուցադրվում այս ֆիլմը:
«Երկիր մեդիա»-ի տնօրենը հակադարձեց, խնդիրը հեռուստասերիալի քաղաքական ենթատեքստն է, որը որոշ անձանց սրտով չէ: Բագրատ Եսայանը հավաստիացրեց, ի վնաս հեռուստաընկերության ցանկացած որոշման դեմ բողոքելու է բոլոր ատյաններում:
Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում