կարևոր
868 դիտում, 1 ամիս առաջ - 2022-07-07 17:04

Կրթության հիմքով տարկետման իրավունքը ՀՀ բուհերում սովորողների համար կվերականգնվի. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել նախագծին

Կրթության հիմքով տարկետման իրավունքը ՀՀ բուհերում սովորողների համար կվերականգնվի. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել նախագծին

Կրթության հիմքով տարկետման իրավունքը ՀՀ բուհերում սովորողների համար կվերականգնվի. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել նախագծին ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին, որն հաջորդաբար քննարկվելու է Ազգային ժողովում: Նոր կարգավորմամբ վերականգնվում է ակադեմիական կրթության հիմքով իրավունքը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում` Կառավարության սահմանած առաջնահերթություններով:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հարցի զեկուցման ժամանակ նշել է, որ 2017 թվականին կատարված օրենսդրական փոփոխություններով ՀՀ բուհեր ընդունված արական սեռի քաղաքացիները, անկախ ցուցաբերած արդյունքից, չեն ստանում տարկետում` բացառությամբ առարկայական օլիմպիադաների մրցանակակիրների, որոնց թիվն առանձնապես մեծ չէ: Գործող իրավակարգավորմամբ` բակալավրի կրթական ծրագրով տարկետում տրամադրվում է բուհերի վարկանիշավորման միջազգային սանդղակի` shanghairanking.com կայքի տվյալ տարվա ցանկի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում սովորելու, իսկ մագիստրատուրայում և ասպիրանտուրայում` նաև համապատասխան նվաճումներ ունենալու դեպքում: Նշանակալի նվաճումների հաշվարկը կատարվում է կարգով սահմանված մեթոդաբանությամբ` ըստ համապատասխան միավորների:

«Ըստ էության, ՀՀ բուհերում սովորողները զրկված են տարկետում ստանալու հնարավորությունից: Որպես այլընտրանք՝ այս պահին գործում է միայն օտարերկրյա բուհերում սովորելու հնարավորությունը, որը, ինչպես ցույց է տալիս վերջին մի քանի տարիների փորձը, չի նպաստում հայաստանյան բուհերի կրթության որակի բարելավմանը, քանի որ ՀՀ-ում գործող բուհերը շատ տաղանդավոր ուսանողների համար դառնում են ոչ մրցունակ: Մեր բուհերը կորցնում են լավագույն ուսանողներին, իսկ պետությունը` ապագայում սեփական գիտելիքները գիտության և մասնագիտական ոլորտում կիրառող մի շարք բարձրակարգ մասնագետներին»,- նշել է Վահրամ Դումանյանը:

Համաձայն նախարարի զեկուցման` առաջարկվող նոր կարգավորմամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածն առաջարկվում է լրացնել նոր՝ 7-րդ մասով հետևյալ բովանդակությամբ՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է նաև բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորողին: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը և պայմանները, ինչպես նաև բուհերի և բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը սահմանում է Կառավարությունը»:

Առաջարկվող հաջորդ փոփոխությամբ` կերկարաձգվի կրթության հիմքով տարկետում ստացած քաղաքացիների բանակ զորակոչի տարիքային շեմը` ներկա 27 տարեկանի փոխարեն սահմանելով 28 տարեկանը: Նախարար Վահրամ Դումանյանի պարզաբանմամբ` նմանօրինակ լուծման գնալու անհրաժեշտությունը պայմանավորված է կրթության շարունակականության չընդհատման կարևորմամբ, որպեսզի տարկետում ստացած քաղաքացիներն ուսումնառության վերջին տարում գիտական թեզի պաշտպանությունը ստիպված չլինեն ընդհատել` հաշվի առնելով, որ 12-ամյա հանրակրթության համակարգով սովորողները դպրոցն ավարտում են 18-19 տարեկանում և բարձրագույն կրթության բոլոր երեք աստիճաններով կրթությունը շարունակելու դեպքում (դա պահանջում է առնվազն 9 տարվա ուսումնառություն` բակալավրիատ+մագիստարատուրա+ասպիրանտուրա` 4+2+3) 27 տարեկանում չեն հասցնում ավարտել ասպիրանտուրան:

«Կրթական տարկետում ստացած մեր ուսանողները վերջին տարիներին լրջագույն խնդրի հետ էին առնչվում: Խորհրդային տարիներին դպրոցը տասը տարի էր, աշակերտները 17 տարեկանում ավարտում էին, հիմա 12-ամյա է, ավելի ուշ են ավարտում: Ստացվում է, որ ասպիրանտը երրորդ տարվա ուսումնառության կեսից զորակոչվում է բանակ: Ուստի մենք առաջարկում ենք կրթական տարկետում ունեցողների զորակոչի տարիքը մեկ տարով հետաձգել` մինչև 28 տարեկան, որպեսզի ուսանողը հանգիստ ասպիրանտուրան ավարտի և պաշտպանի թեկնածուականը,- ասել է Վահրամ Դումանյանը և շարունակել,- նախագիծը շատ սպասված է, անցել է հանրային լայն քննարկում: Վերջնական ընդունվելու դեպքում` Պաշտպանության նախարարության հետ համաձայնեցված կհստակեցվեն և կտրամադրվեն տարկետման տեղերը՝ ըստ բուհերի: Այսինքն` օրենքով Կառավարությունը ստանում է լիազորություն` տրամադրելու տեղեր և սահմանելու առաջնահերթություններ:

Այս օրենսդրական կարգավորումը պետության կողմից կարող ենք դիտարկել ներդրում՝ կրթության և գիտության ոլորտներում: Հետևաբար պետությունն ակնկալում է նաև այդ ներդրման վերադարձելիությունը. այս ճանապարհով գիտական աստիճան ստացող երիտասարդները պետք է աշխատեն պետության համար առաջնահերթ համարվող կառույցներում` նպաստելով համապատասխան ոլորտի զարգացմանը: Այս կերպ մենք փորձում ենք լուծել նաև բուհերում դասախոսական կազմի սերնդափոխության հարցը` ապահովելով գիտական մրցունակ կադրերի բազա»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս կարևորել է նախագիծը` նշելով, որ, ըստ էության, բուհական համակարգին է վերադարձվում տարկետման ինստիտուտը, որտեղ Կառավարությանը վերապահվում է հասցեական լիազորություն` բուհերի և մասնագիտությունների ընտրության հարցում: «Կառավարությունն իր որոշումներով հնարավորություններ կունենա որոշակի պայմաններ առաջարկելու այս տեղերում ընդունելության հավակնող դիմորդների համար»,- ասել է նա:

Հաջորդ տարվանից յուրաքանչյուր տարի Կառավարությունը որոշակի բուհերին, որոշակի մասնագիտություններով կտրամադրի տարկետմամբ տեղեր` ըստ Կառավարության առաջնահերթությունների:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ