կարևոր
952 դիտում, 1 ամիս առաջ - 2022-07-06 16:41

Կոմիտասի անվան պանթեոնում տեղի է ունեցել Ջիվան Գասպարյանի կիսանդրու բացման արարողությունը

Կոմիտասի անվան պանթեոնում տեղի է ունեցել Ջիվան Գասպարյանի կիսանդրու բացման արարողությունը

Հուլիսի 6-ին դուդուկի անզուգական վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի մահվան տարելիցն է: Այդ կապակցությամբ Կոմիտասի անվան պանթեոնում տեղի է ունեցել Վարպետի կիսանդրու բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Ջիվան Գասպարյան կրտսերը, ընտանիքի անդամները, ընկերները, արվեստագետներ և Վարպետի արվեստի երկրպագուներ:

Մահվան տարելիցի կապակցությամբ մատուցվել է հոգեհանգստի կարգ, ներկաները ծաղիկներ են խոնարհել Վարպետի շիրիմին և խնկարկել նրա հիշատակը:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի խոսքով՝ Ջիվան Գասպարյանը հայկական ծիրանափողն ու նրա մեղեդին բարձրացրել և միջազգային մակարդակի է հասցրել՝ հնչեցնելով աշխարհի բոլոր անկյուններում:

«Իր մեծագույն վաստակով նա ժողովրդի կողմից արժանացել է «Դուդուկի արքա» տիտղոսին: Արժևորելով ու նշանավորելով Վարպետի հսկայական ներդրումը՝ ԿԳՄՍ նախարարությունը ծրագրում է հաջորդ տարի կազմակերպել Ջիվան Գասպարյանի անվան դուդուկահարների միջազգային փառատոն, ինչն անչափ կարևոր  է Մաեստրոյի ստեղծագործական ժառանգության պահպանման և հանրահռչակման գործում», - նշել է նախարարը և վերահաստատել Վիլյամ Սարոյանի այն միտքը, որ Ջիվան Գասպարյանի նվագն աղոթք է:

Ջիվան Գասպարյանի կիսանդրու քանդակագործ և ճարտարապետ Ալեքսան Բաբայանի տեղեկացմամբ՝ դեռևս մեկ տարի առաջ ընտանիքի կողմից հաստատված են եղել կիսանդրու էսքիզները, իսկ այս տարվա հունվարից մեկնարկել են աշխատանքները, և գործի առանձնահատկությամբ պայմանավորված՝ Վարպետի  բրոնզե կիսանդրու ձուլումն ինքն է իրականացրել: