կարևոր
676 դիտում, 1 ամիս առաջ - 2022-07-06 12:53

Ջեքի Սփիերը պետդեպից պահանջում է ներկայացնել Ադրբեջանին ռազմական աջակցություն տրամադրելու պատճառները

Ջեքի Սփիերը պետդեպից պահանջում է ներկայացնել Ադրբեջանին ռազմական աջակցություն տրամադրելու պատճառները

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիերը լրացում է ներկայացրել 2023 թվականի բյուջետային տարում Ազգային անվտանգության հատկացումների ակտին, որով կոչ է անում ԱՄՆ պետդեպարտամենտին ներկայացնել զեկույց, որում փաստաթղթավորված են Բայդենի վարչակազմի կողմից «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումը կրկին շրջանցելու պատճառները: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

«Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացումը, որն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992 թվականին, սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող օգնությունը՝ նախատեսելով միայն մարդասիրական աջակցություն: Այն ենթադրում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը չպետք է աջակցություն տրամադրի, քանի դեռ այդ երկիրը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Արցախի դեմ շրջափակումներն ու ուժի կիրառման տարբերակները վերացնելու ուղղությամբ:

Սփիերը նաև պահանջել է, որպեսզի ներկայացվելիք զեկույցում տեղեկություն լինի այն մասին, թե արդյոք Ադրբեջանին ցուցաբերված ամերիկյան աջակցությունը չի վնասել խաղաղության գործընթացին Արցախում:

Վերոնշյալ 992-րդ լրացմանն իրենց աջակցությունն են հայտնել կոնգրեսականներ Ջուդի Չուն, Ֆրանկ Փալոնը ու Ադամ Շիֆը:

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից հայտնել են, որ իրենք մեծ ջանքեր են գործադրում՝ հաջորդ շաբաթվա ընթացքում Ներկայացուցիչների պալատի ընթացակարգային հանձնաժողովում քննարկման ժամանակ ավելացնելու 992-րդ լրացման աջակիցների թիվը:

Հանձնաժողովում Ազգային անվտանգության հատկացումների ակտի լրացումներն ընդունելու պարագայում դրանք քվեարկության կդրվեն արդեն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում: