Տարածաշրջանում խաղաղություն կլինի, երբ Ադրբեջանը ստանա Զանգեզուրի միջանցքը. Թուրքիայի արտգործնախարը կրկին միջամտում է Հայաստանի ներքին գործերին: Նա նաեւ դժգոհում է, որ Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը խանգարում են ծայրահեղականները, ճնշում գործադրելով Երեւանի իշխանությունների վրա:
Թուրքիայի ձեռքերը հիմա շատ ազատ են՝ Հայաստանի ներքին գործերին խառնվելու համար,- թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն է նկատում: Ինչպես հայ որոշ իշխանականներ, այնպես էլ թուրքական շրջանակները իրենց բացահայտ ատելությունն են ի ցույց դնում Արցախը ազատագրողների նկատմամբ:
Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնում Ավստրիայից եւ Վիեննայից, որպես միջնորդ երկրներ, բայց ցանկանում է, որ մյուս հանդիպումները Թուրքիայում կամ Հայաստանում տեղի ունենան: Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը դժգոհում է՝ Հայաստանը համարձակ չէ եւ պատրաստ չէ գնալու այդ քայլին:
Հայաստանի գործող իշխանությունների հետ բանակցելը թուրքերի համար Ալլահի պարգեւ է, ասում է թուրքագետը: Առանց միջնորդ երկրի՝ Թուրքիան կարող է հասնել իր համար ցանկալի արդյունքի՝ այլ երկրների աշխարհաքաղաքական շահերը ոտնահարելով:
Թեեւ պաշտոնական Երեւանը երբեք չի արձագանքում թուրք-ադրբեջանական բացահայտ միջամտությանը, այնուամենայնիվ, Ռուբեն Մելքոնյանի համար ակնհայտ է՝ Թուրքիայի ձեռքերը վերջին տարիներին ազատ են Հայաստանի ներքին գործերին խառնվելու համար:
Այն, որ Հայաստանի իշխանությունները չեն համարձակվում արագ քայլերով կատարել Թուքիայի ու Ադրբեջանի պահանջները «Դիմադրություն» շարժման գործոնով է պայմանավորված, Չավուշօղլուի բնորոշած՝ ծայրահեղական ուժի ներկայացուցիչն է ընդգծում:
Մելքոնյանը հիշում է՝ Հայաստանի ղեկավարության հանդեպ Թուրքիայում նման ընկալում եղել է 1998 թվականին՝ Լեվոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, երբ պաշտոնական Անկարան հասկացել է, որ բաց է թողել կարգավորման անվան տակ Հայաստանի շահի հաշվին իր շահն առաջ տանելու հնարավորությունը:
Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում