Հուլիսի 5-ին՝ ՀՀ Սահմանադրության օրը, «Դիմադրություն» շարժման մասնակիցները հավաքվել են Արամ Խաչատրյանի արձանի հարակից տաածքում, ապա երթ իրականացրել դեպի Սահմանադրական դատարան, նախագահի նստավայր եւ Ազգային ժողով: Երթը կրում էր «Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության» խորագիրը:
Երթի մասնակիցներն առջեւից տանում էին «շղթայված» Սահմանադրությունը: Նրանց ձեռքին կային քաղբանտարկյալների լուսանկարներ, ինչպես նաեւ «Ձերբակալություններով չեք վախեցնի», «Քաղբանտարկյալների երկիր Հայաստան»՝ գրություններով պաստառներ։
«Ցավալիորեն, Հայաստանում առկա իրավիճակում մենք հեռու ենք այն բաղձալի իրավիճակից, որ կարող ենք ամբողջապես տոնել մեր Սահմանադրության օրը։ Հեռու ենք, որովհետև ներկա իշխանությունն իր կառավարման առաջին իսկ օրից սկսած հիմքը դրեց ընտրովի արդարադատության, միանձնյա իշխանության, մեկ անձի հրամանները կատարելու միջոցով պետությունը ուղղակիորեն օրինականության սահմաններից դուրս բերելու գործընթացին: Սահմանադրությունը դարձավ ոչ թե ուղենիշ այս իշխանության գործունեության, այլ դարձավ այն ինստիտուտը, որը ոտնահարելով ու խեղաթյուրելով այս իշխանությունը փորձում է ամրապնդել իր աթոռը»,- երթի մեկնարկին հայտարարեց ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը։
Հուլիսի 5-ին ըստ ավանդույթի մենք իրար շնորհավորել ենք Սահմանադրության օրվա կապակցությամբ, իրավաբաններն առհասարակ միշտ այս օրը նշում են, որովհետև իրավաբանության մեջ կա մեկ հիմնական առանցքային փաստաթուղթ՝ Սահմանադրությունը, բայց ցավոք, մենք այսօր Սահմանադրության գերակայություն չունենք. Սահմանադրական դատարանի մոտ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
«Մենք ունենք մի իրականություն, որտեղ օրվա իշխանությունները, որ այսօր իբր ժողովրդից՝ մեզնից պաշտպանում են Սահմանադրական դատարանը ոստիկանական ուժերով, եկել շրջափակել էին այս տարանը: Պատկերացնում եք՝ օրվա իշխանությունը գա ու շրջափակի սահմանադրական դատարանը, որ դատավորները մուտք չգործեն ու հենց այդ օրվանից արդեն ջրբաժան է եղել Սահմանադրության ու իշխանության միջև: Այս իշխանությունը մեկ բան գիտի՝ անտեսել, ոտնահարել, ձերբակալել Սահմանադրությունը»,- ասաց նա:
Երթի մասնակիցներն ՍԴ-ի մոտ թողեցին «շղթայված» Սահմանադրությունը, ապա շարունակեցին քայլերթը դեպի նախագահի նստավայր:
Նախագահականի մոտ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտարեց. Սիրելի հայրենակիցներ, Սահմանադրության համաձայն՝ ՀՀ նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, բայց այստեղ մի լուրջ խնդիր կա, որովհետև այստեղ նստող անձը ոչ թե ՀՀ նախագահն է, այլ ՔՊ խմբակի կողմից ընտրված, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ Նիկոլի կողմից նշանակված խամաճիկը:
«Նա այստեղ է գործուղվել ոչ թե Սահմանադրությունը պահելու, այլ ՔՊ շահերը պահպանելու համար, նա այստեղ է եկել, որպեսզի լռի, իր հիմնական առաքելությունն ամեն բան տեսնելն ու լռելն է», -ասաց նա:
Այստեղ նստող մարդը պետք է Սահմանադրության ոգին ու տառը պահպաներ, բայց կրկին լռում է, երբ քաղաքական ճգնաժամ կա, հետապնվում է ժողովուրդը, ցանկացած մեկը, որն այլախոհ է»,-ասաց պատգամավորը և ցույց տվեց քաղբանտարկյալների նկարները:
Երթի հաջորդ կանգառը ԱԺ-ն էր:
Սահմանադրությունը մեր երկրի խորհրդանիշն է, բայց այսօր Մայր օրենքը և դրանից բխող բոլոր օրենքները, ցավոք, վերածվել են մեկ մարդու, մեկ խմբակի կամակատարության. ԱԺ դիմաց հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
«Մեր երկրում այլևս հաստատված է փնթի բռնապետություն, գործում է ոստիկանապետություն, որը ծառայում է մեկ մարդու աթոռը պաշտպանելուն։
Գործող իշխանությունների լեգիտիմությունը զրո է, քանի որ նրանք գողացել են հայ մարդու քվեն, նրանք խաբել են սրիկայաբար, վերցրել ժողովրդի քվեն, ու մեր երկիրը տանում են կործանման։
Նրանք իշխանության գալիս խոստանում էին երջանկություն, բայց մեր տուն բերեցին դժբախտություն ու հայրենազրկում, խոստանում էին բարեկեցություն, բայց հայ մարդն ամեն հաջորդ օրն ավելի վատ է ապրում, քան նախորդ օրը, խոստացել էին Արցախի ինքնորոշում, հայտարարում էին, որ Արցախը Հայաստան է, և վերջ, բայց այսօր նույնիսկ չեն կարողանում արտաբերել, որ Արցախը չեն հանձնելու Ադրբեջանին», – ասաց պատգամավորը։
Ակցիայի մասնակիցները անազատության մեջ գտնվողների լուսանկարները թողեցին ԱԺ դարպասների մոտ:
Այնուհետեւ երթը վերադարձավ Ֆրանսիայի հրապարակ, որտեղ ակցիան ավարտվեց: