Նախկին ընդդիմադիրների՝ «սուպերվարչապետական» բնորոշած կառավարման մոդելը նրանց իշխանության օրոք կարող է եւ չփոխվել: Սահմանադրական բարեփոխումների համար պատասխանատուներն ասում են՝ ձեւի փոփոխությունը չեն կարեւորում, այլ՝ բովանդակության, որ իշխանությունների տարանջատման սկզբունքը հնարավոր լինի ապահովել:
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը վստահ է, որ կառավարման խորհրդարանական ձեւը պահելով էլ հնարավոր է գտնել զսպումների ու հակակշիռների մեխանիզմներ, որ վարչապետն անսահմանափակ լիազորություններ չունենա, որ օրենսդիրում կարեւորագույն օրենքների ընդունումն ու առանցքային պաշտոններում ընտրությունները միայն իշխող խմբակցության ձայներով հնարավոր չլինի, ինչպես գործող խորհրդարանում է:
Բացառապես իշխող խմբակցության ձայներով՝ գործող խորհրդարանում ընտրվել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը, որը Սահմանադրությունը փոփոխող խորհրդի կազմում է: Նրան հարցրինք՝ արդյոք իր ընտրությունը լեգիտիմ չի համարում:
Հնարավո՞ր է մեծամասնության բացարձակ իշխանությունը սահմանափակող բարեփոխումներն այդպես էլ թղթի վրա մնան, եթե դրանք իշխանականների սրտով չլինեն: Նման հարցադրումը զարմանք է առաջացնում Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամի մոտ:
Նման սցենարի հավանականությունը, մինչդեռ, գործադիրի ղեկավարն ինքը չէր բացառել: Երբ իր որոշմամբ արդեն մեկնարկել էր խորհդրի կազմի ձեւավորման գործընթացը, Փաշինյանն ասաց. փաստ չէ, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ տեղի կունենան:
Ի դեպ՝ նույն այս հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նաեւ խոստովանել էր, որ դեմ է խորհրդարանական կառավարման ձեւը փոխելուն, որը ժամանակին ինքն էր Սերժ Սարգսյանի համար կարված կոստյում որակում:
Հենց այս հակասություններն էլ հիշեցնելով՝ խորհրդարանական ընդդիմությունը հրաժարվել էր մասնակցել Մայր օրենքը փոփոխելու գործընթացին: Այն որակել էր քաղաքական ֆարս, որի նպատակն է երկար կյանք տալ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը: Հանձնաժողովը մինչեւ տարեվերջ ժամանակ ունի վարչապետի աշխատակազմին ներկայացնելու Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը:
Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում