կարևոր
1444 դիտում, 1 ամիս առաջ - 2022-07-02 22:25

Զոհվածների հուշաքարերը պայքարի կոչ ունեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թշնամին այսօր էլ հոխորտում է, մատ է թափ տալիս մեզ վրա, այդ մատը մինչեւ չկտրվի՝ պատերազմի վտանգը կմնա՝ Արցախի հերոս, գեներալ մայոր Վարդան Ավետիսյանն է ասում 44-օրյա պատերազմում անմահացած Դավիթ Մնացականյանի հուշաքարի բացման արարողության ժամանակ: Նա գիտի՝ մենք դեռ պայքար ունենք, որովհետեւ տղաները երկնքից վրեժի կոչ են անում: 
Դավիթը երազում էր կենդանիների հյուրանոց ունենալ: Չնայած առողջական խնդրին՝ զորակոչվեց 21 տարեկանում: Ապագա իրավաբանը մոր հետ վերջին զրույցում ասել էր՝ հեռուստատեսությամբ սխալ տեղեկություններ են հաղորդում: Վստահ էր, որ պատերազմի ելքը որոշված է ու թե վերադառնա՝ շատ բանի մասին կբարձրաձայնի: Դավիթը հասցրեց ծառայել երկու ամիս, որից 40 օրը կռվեց: 
Այս բակում է մեծացել ֆուտբոլիստ Բաբկեն Գրիգորյանը: Նա անմահացավ Դժոխքի ձոր կոչվող դիրքում: 29-ամյա Բաբկենը Տնտեսագիտական համալսարանն էր ավարտել, աշխատում էր մասնագիտությամբ: Հայրը նշում է, որ Բաբկենն իր միակ որդին էր. քույր ունի եւ հրաշալի ընկերներ, որոնք էլ տեղադրել են նրա հիշատակն անմահացնող հուշաքարը: Զոհվելուց առաջ Բաբկենը մի քանի ընկերոջ կյանք է փրկել՝ ասում է հայրը։  
Զոհված հիսունչորս հերոսի մասին գրքերի շարքի առաջին հատորն է տպագրվել «Կյանքից առավել» խորագրով: Զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրն ասում է՝ ծնողները կարող են դիմել հաջորդ գրքերում իրենց որդու մասին պատում ունենալու համար: 
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում նաեւ հերոսների վրձնած կտավներն են: Վաճառքի հասույթը կտրամադրվի մյուս հատորների տպագրմանը: 

Մանրամասները ներկայացնում է Լուսին Ղազարյանը