Բերձորից տեղահանված 15 ընտանիք պատերազմից հետո էլ չի դադարում պայքարել. այս անգամ ոչ թե թշնամու դեմ, այլ սեփական երկրի կողմից անուշադրության մատնված իրենց իրավունքների համար:
Շենքը, որը տրամադրվել էր արցախցիներին, արդեն երկու ամիս է սեփականատեր ունի, ով սպառնում է բնակիչներին բռնի դուրս հանել տներից: Անգամ հսկիչին կարգադրել է՝ ներս չթողնել լրագրողներին շենքի տարածք:
Պետությունն էլ ոչինչ չի ձեռնարկում. ավելին Նորքի այգիներ 180 հասցեում գտնվող այս կիսավեր շենքը, որում ապրում են պատերազմից հետո Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքից տեղահանված մարդիկ, գործադիրի հունվարի 27-ի նիստում՝ չզեկուցվող հարցերի փաթեթով, որոշվեց օտարել:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հունիսի 3-ին բնակիչներին տվել է հավաստագիր, ըստ որի մարդիկ «տարհանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի» շահառու են: Սակայն այս հավաստագիրը բանկերը չեն ընդունում:
Շենքի փոքրիկ բնակիչները կարոտով են հիշում թշնամուն հանձնված իրենց տները: Վահագը որոշել է՝ փրկարար է դառնալու, որ մարդկանց ինչպես ինքն է ասում փրկի կրակներից: Պատերազմում ռումբերի ձայները փոքրիկի հիշողության մեջ ասոցացվել է երկրաշարժի հետ:
Բնակիչները վստահեցնում են՝ պայքարելու են մինչեւ վերջ: Այլեւս կորցնելու բան չունեն: Իրենց հայրենի հողից լուրեր են լսում, որ թշնամուն են հանձնելու. այլ ճանապարհ են կառուցելու դեպի Արցախ: Խոսում են նաեւ կողքի գյուղերը՝ Սուսի, Աղավնոյի՝ Ադրբեջանին հանձնելու մասին: Բերձորցիները վկայում են՝ իրենց բնակավայրում առնվազն 50 ընտանիք դեռ ապրում է, սուտ են լուրերը, թե կառավարությունը նրանց տեղավորելու է ինչպես հարկն է. համոզված են՝ նրանք նույնպես իրենց ճակատագրին են արժանանալու:
Մանրամասները ներկայացնում է Զարուհի Սահակյանը