կարևոր
913 դիտում, 1 ամիս առաջ - 2022-07-01 16:26

Պաշտոնը հայրենիքից թանկ է միայն իրենց համար, դիմացինին էլ իրենց արշինով են չափում․ Թադևոս Ավետիսյան

Պաշտոնը հայրենիքից թանկ է միայն իրենց համար, դիմացինին էլ իրենց արշինով են չափում․ Թադևոս Ավետիսյան

Hraparak.am-ը գրում է․

Հարցազրույց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հետ։

-ԱԺ-ն արտահերթ նիստով ազատեց Իշխան Սաղաթելյանին՝ ԱԺ փոխխոսնակի պաշտոնից, իսկ Վահե Հակոբյանին՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու նախագծեր քննարկելու։ Ձեր կարծիքով, իշխանության խտրական վերաբերմունքը ընդդիմադիրների նկատմամբ ինչո՞վ է պայմանավորված։ Ձեր թիմից Արմեն Գեւորգյանին չեն զրկում հանձնաժողովի նախագահի պաշտոնից, ինչու՞։

-Ես այդտեղ տրամաբանություն չեմ կարող փնտրել, որովհետեւ չկա, այդ իրենք պետք է բացատրեն, մեզ համար մեր օրակարգը պարզ է։

-Իսկ գուցե Արմեն Գեւորգյանը արմատական չէ, դրա համա՞ր։

-Դա այդպես չէ եւ ես պնդում եմ, որ չկա տրամաբանություն։

-Ձեր ընկերներին իրենց պաշտոններից զրկելուց հետո Արմեն Գեւորգյանը կմնա՞ իր զբաղեցրած պաշտոնում, թե՞ կհրաժարվի։

-Ես չգիտեմ, ինձ հարցեր եք տալիս, որոնց հասցեատերը ես չեմ, ինձ համար բացարձակ անակնկալ է, թե ինչ են նախաձեռնել, իրենց պետք է հարցնեք։

-Իրենց անելիքները պարզ է, պարզ չէ, թե ինչ եք դուք անելու, ասենք՝ Արմեն Գեւորգյանը նպատակահարմա՞ր է գտնելու այսքանից հետո պահել իր նախագահությունը հանձնաժողովում։

-Պետք է հարցնեք Արմեն Գեւորգյանին, կամ ֆրակցիայի ղեկավարին, ես այն մարդը չեմ, որ տիրապետում է նման ինֆորմացիայի։

-Դուք լինեիք Գեւորգյանի տեղը, ոնց կվարվեիք։

-Ինձ համար հարյուրերորդական է այդ հարցը։

-Կհրաժարվեի՞ք։

-Ասում եմ՝ հարյուրերորդական է, իմ համար մեկ է՝ պաշտոն ունենալ-չունենալը, շատ ավելի կարեւոր ու առաջնահերթ հարցեր կան, այսօր իմ աչքի առջեւ մեր հայրենիքը կտոր-կտոր թուրքին է հանձնվում, հիմա եկեք այդ երկու հարցը դրեք իրար կողքի։

-Դուք եք այդ հարցերն իրար կողքի դրել՝ մեկ տարի առաջ մասնակցելով խորհրդարանական արտահերթ ընտրություններին, ձեզ ասում էին, որ  չի կարելի «հողատուների» կազմակերպած ընտրություններին մասնակցել, այս հարցը սահմանադրական ճանապարհով չի լուծվելու։

-Դե, գիտեք ինչ, նոյեմբերի 9-ից պայքարը շարունակվում է, իհարկե, չկա վերջնական հաղթանակ, հայրենիքը հանձնող խմբավորումը իշխանության է եւ անում է այն, ինչ անում է, բայց փաստ է նաեւ, որ մեր պայքարն էլ է տեւական շարունակվում եւ նպատակն էլ նույնն է, ես համոզված եմ, որ վճռականության պակաս չկա։ Նիկոլ Փաշինյանի իշխանության պարագայում ժամանակի հարց է հայրենազրկումը։

-Պայքարի առաջին իսկ օրվանից հայտարարում եք, որ մի քանի օր մնաց, որ իշխանություն գոյություն չունի, իսկ այսօր Բերձոր ու Աղավնո են հասել, ստեղծված իրավիճակում դուք մարտավարական սխալներ թույլ տվե՞լ եք։

-Այն, ինչ կարողանում ենք անել՝ անում ենք։ Եւ փողոցային պայքարում, եւ ԱԺ-ում մեր գործողությունները միտված են եղել եւ կան այդ օրակարգին։

-Ասում եք, որ պաշտոնը, մանդատը ձեզ համար հարյուրերորդական հարց է, այդ դեպքում ինչու չեք հրաժարվում մանդատներից։ Գուցե դա սահմանադրական ճգնաժամ չառաջացնի, բայց կընկալվի քաղաքական քայլ եւ մարդիկ կտեսնեն, որ պաշտոնակռիվ չկա, թե՞ կարծում եք, որ այսքանից հետո դեռ խորհրդարանում անելիք ունեք

-Այդ հարցին բազմաթիվ անգամներ ենք պատասխանել․ մանդատների լինելիությունը, կամ օգտագործումը պետք է նպաստի պայքարին, ի վերջո, պառլամենտական երկրում նոր վարչապետ են ընտրում հենց պառլամենտում։

-Եթե գա այն օրը, որ փողոցով կարողանաք ներազդել իշխանության վրա, հավատացեք ՔՊ-ն միայնակ էլ կընտրի վարչապետի ձեր թեկնածուին։

-Եթե այդ ամենը միանշանակ լիներ, այո, այսօր հայրենիք հանձնողները իշխանության չէին լինի։ Կրկնում եմ՝ մենք ոչ վախենում ենք ճնշումներից, ոչ բանտի խցից, ոչ պաշտոնազրկումից, ոչ մանդատազրկումից։ Այդ իրենց համար է կարեւոր, որ ասենք դպրոցական աթոռից հետո նվազագույն աշխատավարձի չափով եկամուտ չէին ունեցել կյանքում, բայց այսօր այդ աշխատավարձի տասնապատիկի չափով եկամուտ ունեն, օգնական ունեն, վարորդ, վերտալյոտից են օգտվում, տարբեր երկրներում տարբեր սննդակարգեր են ընդունում, որոնք իրենց կյանքում նկարներով չեն տեսել։ Պաշտոնը հայրենիքից թանկ դա միայն իրենց համար է եւ դիմացինին էլ իրենց արշինով են չափում։