կարևոր
988 դիտում, 1 ամիս առաջ - 2022-07-01 10:01

Սա ոչ այլ ինչ է, քան հայաստանյան «ժողովրդավարության» պայմաններում քաղաքական հաշվեհարդարի դրսևորում. Թովմասյան

Սա ոչ այլ ինչ է, քան հայաստանյան «ժողովրդավարության» պայմաններում քաղաքական հաշվեհարդարի դրսևորում. Թովմասյան

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային մշտական հանձնաժողովի նախագահ, Անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է. Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որ «ժողովրդավարությունը թիվ մեկ բրենդ» է հռչակել, վաղը խորհրդարանի արտահերթ նիստ է հրավիրել ու քննարկելու է ընդդիմադիր խորհրդարանականներին՝ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին ու Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին զբաղեցրած պաշտոններից հետ կանչելու հարցը: Սա ոչ այլ ինչ է, քան հայաստանյան «ժողովրդավարության» պայմաններում քաղաքական հաշվեհարդարի դրսևորում, քանի որ ընդդիմադիր գործիչները քաղաքական ակնհայտ հետապնդման են ենթարկվում։

Պաշտոններից հետ կանչելու վերաբերյալ որոշման նախագծերի իրավական հիմնավորվածության հարցերը թողնում եմ իրավաբան-մասնագետների դատին. որքանո՞վ է հիմնավորված արտահայտած մտքի կամ ունեցած բացակաների համար հետկանչման գործընթացը:

Բայց անհրաժեշտ եմ համարում նշել հետևյալը. ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվելուց ի վեր մշտապես շեշտել եմ, որ կարելի է քննադատել ամենակոշտ կերպով, բայց երբեք չպետք է մտնել վիրավորանքի դաշտ, որն իրապես դատապարտելի է մարդու իրավունքների պաշտպանության դիտանկյունից։
Միաժամանակ հարկ է փաստել, որ ժողովրդավարական երկրում և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը ձայն տվողը ժողովուրդն է, իսկ վարչական պաշտոններում թեկնածուների առաջադրման հարցը որոշվում է կոլեգիալ՝ քաղաքական որոշմամբ՝ հատուկ բանաձևերով: Հետևաբար ԱԺ վարչական պաշտոններից ընդդիմադիր պատգամավորների հեռացման քաղաքական որոշումը, որը կայացվել է իշխանական մեծաթիվ պատգամավորների անունից, դեռ չի նշանակում բացարձակ ճշմարտություն:

Կարելի էր քննարկել էթիկայի հանձնաժողովի ձևաչափով՝ մասնագիտական շրջանակներով ներկայացված խնդիրների ուսումնասիրման հնարավորությունը՝ քաղաքական հաշվեհարդար տեսնելու փոխարեն։

Այդուհանդերձ, որոշման նախագծերը շրջանառության մեջ են, և առավոտյան շտապ գրություններ եմ ուղարկելու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող և քաղաքական ազատությունները խրախուսող միջազգային բոլոր կազմակերպություններին: Աշխարհի շատ ժողովրդավարական երկրների ուշադրությունն եմ հրավիրելու քաղաքական ազատությունների սահմանափակման նման անթույլատրելի վարքագծի վրա:

Ընդդիմադիր մանդատով խորհրդարան մտած պատգամավորները չեն կարող «պատժվել» ընդդիմադիր գործունեության և հասարակության ընդդիմադիր սպասելիքները սպասարկելու համար: