կարևոր
679 դիտում, 1 ամիս առաջ - 2022-06-30 20:38

Թուրքական շանտաժ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՆԱՏՕ-ին շանտաժի ենթարկած Ռեջեփ Էրդողանը շարունակում է օգուտներ քաղել: Թուրքիան կարող է ստանալ ամերիկյան F-16 կործանիչների նոր խմբաքանակ գնելու թույլտվություն՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության արգելքը վերացնելուց հետո: Մադրիդում, ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում, ավելի քան 1 ժամ տեւած հանդիպմանը, Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենը խոստացել է Էրդողանին Վաշինգտոն հասնելուն պես ջանքեր գործադրել՝ F-16-ների մատակարարման հարցը Կոնգրեսի միջոցով լուծելու համար. սա հայտնում են Էրդողանի պատվիրակության անանուն աղբյուրները: Թեեւ Վաշինգտոնից հերքում են թուրքական ճնչումների մասին լուրերը, ամերիկյան խոստումի մասին գրում են նաեւ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները:  
Բայդեն-Էրդողան հանդիպումից դեռ ժամեր առաջ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի՝ միջազգային անվտանգության հարցերով օգնական Սելեստ Վոլանդերը լրագրողներին ասել էր, թե Թուրքիայի պաշտպանական հզոր կարողությունները կամրապնդեն ՆԱՏՕ-ի պաշտպանությունը: 
Անցյալ աշնանը Թուրքիան դիմել էր Վաշինգտոնին՝ 40 միավոր F-16 կործանիչ գնելու, նաեւ իր պահեստում ունեցած մոտ 80 ամերիկյան կործանիչներն արդիականացնելու համար: Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը, քրդական ու հունական կազմակերպությունների հետ միասին, հորդորել էր Կոնգրեսին մերժել Անկարային: Թուրքիան ամերիկյան պատժամիջոցների տակ է՝ ռուսական ԷՍ-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով: Եվ մայիսին, ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի եւ Շվեդիայի ցանկությունը, Էրդողանը սարքեց խաղաքարտ՝ շանտաժով ցանկալիին հասնելու համար: Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու համար ժողովրդավար Շվեդիան եւ Ֆինլանդիան արդեն համաձայնել են Թուրքիայի կողմից հետապնդվող, սկանդինավյան երկրներում ապաստան ստացած քուրդ հասարակական ու քաղաքական գործիչներին արտահանձնել էրդողանական վարչախմբին: Հերթում՝ ամերիկյան կործանիչների ձեռքբերման թուրքական պահանջի իրագործումն է: 

Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում