կարևոր
2032 դիտում, 1 տարի առաջ - 2022-06-30 10:37

Բերձորը հանձնելով՝ թշնամին կհայտնվի Տեղ գյուղի սահմանին, որտեղ առաջնագիծ չկա. Իշխան Սաղաթելյան

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հստակեցում չկա, որ Բերձոր և Աղավնո բնակավայրերը պետք է հանձնվեն Ադրբեջանին, այնտեղ գրված է, որ երեք տարվա ընթացքում կողմերի համաձայնության դեպքում պետք է հաստատվի այլընտրանքային երթուղու նախագիծը, սակայն Ադրբեջանը շտապում է, քանի որ վախենում է, որ Հայաստանում իր գործընկերոջը կորցնելուց հետո իր հայադավ ծրագրերը չի կարող ավարտին հասցնել: «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Շատ հստակ քայլերով ու գործողություններով փորձում են երկիրը տանել նոր կապիտուլյացիայի և հայաթափել Արցախը։ Հայաստանի շտապելը և այս ամենին իր համաձայնության տալը, Ադրբեջանի հետ պասերով խաղելն այլևս նորություն չեն, Բերձորը, Աղավնոն կամ Սուսը կորցնելուց հետո էլի ենք կորուստներ ունենալու»,-ասել նա:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսի ընթացքում հաստատել է, որ Բերձոր, Աղավնո համայնքները Ադրբեջանի կողմից կառուցվող Բերձորը շրջանցող ճանապարհի շահագործումից հետո հայտնվելու են Ադրբեջանի վերահսկողության տակ:

Ընդգծենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ խոսվում է միայն Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման մասին։ Հարցին՝ թե իրավական ի՞նչ հիմքով է Բերձորը հանձնվելու թշնամում՝ Իշխան Սաղաթելյանը վստահություն հայտնեց, որ եռակողմ համաձայնագրերից բացի, կան նաև այլ պայմանավորվածություններ:
Զրուցակիցը նաև ահազանգել է, որ եթե այս տարածքներն անցնեն թշնամու վերահսկողության տակ, ապա ադրբեջանական զորքերը կանգնելու են Սյունիքի Տեղ գյուղի սահմանին, որտեղ առաջնագիծ չկա.

«Բոլոր նրանք, ովքեր մտածում են՝ մեր տներին չեն մոտենա, Արցախով կվերջացնենք, սխալվում են, գալու են մինչև Հյուսիսային պողոտա, այս գիտակցությունն ունենալու՞ ենք վերջապես»,- նշել է Սաղաթելյանը:

Ինչպես հայտնի է՝ Ադրբեջանը Բերձորը շրջանցող ճանապարհ է կառուցում, եռակողմ հայտարարության համաձայն՝ երթուղին պետք է համաձայնեցվեր կողմերի հետ։ Արցախի նախագահի խոսնակը մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ իրենք հայտարարության կողմ չեն, համաձայնեցումը եղել է ՀՀ Իշխանությունների հետ։

Հարցին՝ որպես խորհրդարանում ներկայացված երկրորդ ուժ, տեղյակ եղե՞լ են Ադրբեջանի կողմից կառուցվող երթուղու մասին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այդ հարցը խորհրդարանում չի քննարկվել, «Հայաստան» խմբակցությունը երթուղուց տեղյակ չի եղել, ավելին՝ նա վստահ է, որ ՔՊ խմբակցության պատգամավորների մեծ մասը նույնպես տեղյակ չեն եղել.

«Իրենք այս հարցերը խորհրդարան չեն բերում, իսկ երբ մենք ենք տանում՝ իրենք ուղղակի փախչում են»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե այն գյուղերը, որոնք չեն եղել ԼՂԻՄ-ի կազմում հանձվելու են Ադրբեջանին, Իշխան Սաղաթելյանը հակադարձում է՝ երբ խոսում ենք ԼՂԻՄ-ի մասին և դրանով ենք հիմնավորում տարածքների հանձնումը, այդ դեպքում ի՞նչ պետք է լինի ԼՂԻՄ-ի այն տարածքներ հետ, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ.

«Բայց Նիկոլ Փաշինյանից պետք չէ ակնկալել, որ ինքը Հայաստանի շահերը կսպասարկի, հետևողական կլինի, սա անհույս է»,-ասել է գործիչը:

Անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական կյանքին և մեր դիտարկմանը, որ Ֆրանսիայի հրապարակից վրանները հեռացնելուց հետո «Դիմադրության» շարժման գործողություններում մարման միտում է նկատվում, Ի.Սաղաթելյանը վստահեցրեց, որ շարժումը չի մարել և չի մարելու.

«Պայքարը չի կարող մարել, այն ազգային, հայկական շարժում է, եթե շարժումը մարի ու չհաջողի, սա վերջին հույսը կլինի»,-ասաց նա:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում