ՆԱՏՕ-ն ընդլայնում է սահմանները: Թուրքիան, ի վերջո, համաձայնել է չխոչընդոտել Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին: Իսպանիայի մայրաքաղաքում, ՆԱՏՕ-ի եռօրյա գագաթաժողովի առաջին իսկ օրը, Թուրքիան, Ֆինլանդիան եւ Շվեդիան համատեղ հուշագիր են ստորագրել, որը հաշվի է առնում Անկարայի, այսպես ասած, մտահոգությունները:
ՆԱՏՕ-ին միանալու համար անհրաժեշտ է անդամ բոլոր 30 երկրների համաձայնությունը: Եվ մայիսից, ինչ պաշտոնական Հելսինկին եւ Ստոկհոլմը ներկայացրել էին ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումները, Թուրքիան քաղաքական առեւտուր էր սկսել: ՆԱՏՕ ընտանիքում «ամենախնդրահարույց երեխան» համարվող Ռեջեփ Էրդողանը Ֆինլանդիային եւ Շվեդիային անվանել էր ահաբեկչության օջախներ՝ սպառնալով իր վետոյի իրավունքով: Հիմա ստորագրված հուշագրով՝ Ֆինլանդիան եւ Շվեդիան խոստացել են չաջակցել Թուրքիայում ահաբեկչական համարվող քրդական խմբավորումներին եւ գյուլենական շարժմանը ու համաձայնել կատարել Անկարայի պահանջները՝ ահաբեկչության մեջ կասկածվող անձանց Թուրքիա արտահանձնելու վերաբերյալ: Հելսինկին եւ Ստոկհոլմը չեղարկում են նաեւ Թուրքիային զենքի վաճառքի արգելքները: Էրդողանի գրասենյակից հայտարարել են՝ Թուրքիան ստացավ այն, ինչ ուզում էր:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ այսպիսով Ֆինլանդիան եւ Շվեդիան դաշինքի անդամ դառնալու հրավեր կստանան: Յենս Ստոլտենբերգն անդամակցության այս գործընթացն աննախադեպ արագ է որակել՝ նշելով, իհարկե, որ 30 երկրի խորհրդարաններում դեռ վավերացման գործընթաց պետք է տեղի ունենա: Շվեդիան եւ Ռուսաստանին սահմանակցող Ֆինլանդիան որոշել են հրաժարվել երկարամյա չեզոքությունից եւ անդամակցել ռազմական դաշինքին՝ Ուկրաինայում պատերազմի ֆոնին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը սա հստակ ուղերձ է համարել Ռուսաստանի նախագահին, որը դեմ է իր սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ընդլայնմանը:
Ստոլտեբերգը մադրիդյան այս հավաքը պատմական է որակել: ՆԱՏՕ-ն ռազմավարական նոր հայեցակարգ է ընդունել, որը դառնալու է դաշինքի գործողությունների ծրագիրը հաջորդ տասնամյակների համար: Դրանում երբեմնի ռազմավարական գործընկեր համարված Ռուսաստանը ներկայացվել է որպես դաշինքի անվտանգության գլխավոր եւ անմիջական սպառնալիք: Ներառվել են նաեւ մարտահրավերները Չինաստանից, որի անունը, հատկանշական է, որ նախորդ հայեցակարգում ոչ մի անգամ չէր հիշատակվում: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էլ հայտարարել է, որ Նահանգները զգալիորեն կավելացնի իր ռազմական ներկայությունը Եվրոպայում: ՆԱՏՕ-ականների ծրագրերին արձագանքել են Մոսկվայից. Ռուսաստանի վարած քաղաքականության վրա որեւէ ազդեցություն չի լինի, Ռուսաստանը կապահովի իր անվտանգությունն ամեն դեպքում:
Եվ Ուկրաինա: Այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով ելույթ է ունեցել ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ու նորից ավելի շատ զենք պահանջել՝ նշելով, որ ձախողման դեպքում հաջորդը Ուկրաինայի վիճակում կարող են հայտնվել կառույցի անդամ որոշ երկրներ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վստահեցրել է՝ Կիեւը կարող է հույսը դնել դաշինքի վրա այնքան ժամանակ, որքան կպահանջվի:
Մանրամասները ներկայացնում է Մարինե Մելիքսեթյանը