կարևոր
1498 դիտում, 1 տարի առաջ - 2022-06-29 20:23

ՔՊ-ն մտադիր է Իշխան Սաղաթելյանին ու Վահե Հակոբյանին զրկել պաշտոններից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն ու Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը հեռացվեցին պաշտոններից: Այս վերտառությամբ նյութերը նախօրեին մի շարք լրատվականների թոփում էին: Բայց սա դեռ միայն իշխանական խմբակցության մտադրությունն է: Կյանքի կոչվելու համար այն պետք է որոշման նախագծի տեսք ստանա ու բերվի լիագումար նիստերի օրակարգ՝ քվեարկության: Ազգային ժողովի նախագահի տեղակալին հետ կանչելու ու մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումներն ընդունվում են գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Այսինքն՝ իշխանական պատգամավորների ձայներն էլ բավարար կլինեն ընդդիմադիրներին պաշտոններից զրկելու համար: 
Խորհրդարանական 12 մշտական հանձնաժողովից 3-ում են ընդդիմադիր պատգամավորները նախագահի պաշտոնը զբաղեցնում: Այս պահին դեռ միայն Վահե Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու մտադրության մասին է իշխող ուժը հայտարարել: Իսկ Արմեն Գեւորգյանի ու Թագուհի Թովմասյանի անունները չկան ընդդիմադիր ամենաշատ բացակայած պատգամավորների ցուցակում, որը մեզ խորհրդարանն է տրամադրել: Այստեղ 14 պատգամավորի անուն է ներառված. բոլոր ընդդիմադիրների բացակայությունների մասին տեղեկություն ստանալու համար ԱԺ լրատվականը մեզնից գրավոր հարցում պահանջեց, որին պատասխանելու համար լավագույն դեպքում 5-օրյա ժամկետ է նախատեսվում: 
Տեւական ժամանակ է՝ մամուլը գրում է, որ ընդդիմադիր 14 պատգամավորի իշխող խմբակցությունը ցանկանում է մանդատից զրկել՝ բացակայությունների հիմքով: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հայտարարել էր, որ խիստ է տրամադրված: Իրականում ընթացակարգն այդքան էլ դյուրին չէ: ԱԺ կանոնակարգ օրենքով՝ պատգամավորը կարող է զրկվել մանդատից, եթե մեկ օրացուցային կիսամյակի ընթացքում նիստերի առնվազն կեսից անհարգելի բացակայել է, բայց սա դեռ պետք է ապացուցվի: Պատգամավորին մանդատից զրկելու հարցով Ազգային ժողովի խորհուրդը պետք է դիմի Սահմանադրական դատարան: 
Ընդդիմադիրներին մանդատից զրկելու գործընթացը, եթե իշխանականները որոշեն այն մեկնարկել, սահմանադրագետը դիտարկում է որպես պատժիչ միջոց՝ քաղաքական նպատակահարմարությունից բխող: 
,Օրենքը նախատեսում է պատգամավորին մանդատից զրկել իր պարտականությունները չկատարելու, այդ թվում՝ ժողովրդի կամքը չբարձրաձայնելու դեպքումե,- հիշեցնում է իրավաբան, նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը: Մինչդեռ այս դրույթն, ըստ Սիմոնյանի, պետք է մեկնաբանել ոչ թե տառացի, այլ գրվածի նպատակը հասկանալով: Ակցիաներ կազմակերպելը ընդդիմադիրների քաղաքական գործունեության դրսեւորումներից է՝ ասում է իրավաբանը: 
Եթե Աժ խորհուրդը պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով, ի վերջո, որոշի դիմել Բարձր դատարան, այնտեղ այն քննելու հատուկ ընթացակարգ կա. դիմումի մուտքագրման պահից ոչ ուշ, քան երեսուն օր հետո պետք է հրապարակվի որոշումը: 

Մանրամասները ներկայացնում է Անահիտ Հովհաննիսյանը