կարևոր
712 դիտում, 1 ամիս առաջ - 2022-06-29 19:50

Լարսին տեսականորեն ևս 5 այլընտրանքային երթուղի կա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տասնյակ բեռնատարներ հաճախ շաբաթներ շարունակ կանգնած են մնում Լարսի անցակետում՝ ձմռանը վատ եղանակի պատճառով, ամռանը՝ սելավների: Այս ռիսկերը ձգվում են տարիներ: Լարսի ճանապարհը Հայաստանից միակ գործող ցամաքային տարանցիկ ուղին է: Բացի Լարսից, սակայն, Արա Մարջանյանի խոսքով, տեսանակնորեն եւս 5 այլընտրանքային երթուղի կա: 
Հարցն այլընտրանքները չեն, ասում է Մարջանյանը, այլ այն, որ վաղ 90-ականներից մինչ օրս Հայաստանը որեւիցե գործուն քայլ չի կատարել այս ուղղությամբ: Բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանը համակարծիք է. եթե վրացիներին ստացվի համոզել շահագործել երկաթգիծը, որն անցնում է Աբխազիայի տարածքով, ապա դա կլինի լավագույն այլընտրանքը: Այն, ըստ փորձագետի, եւ՛ ավելի հուսալի է, եւ՛ ավելի էժան: 
Բացի սրանցից կա նաեւ օդային տարբերակ, սակայն այն թանկ է: Իսկ նշված մյուս տարբերակները փակ են կա՛մ քաղաքական նկատառումներով, կամ ենթակառուցվածքների բացակայության պատճառով: 
Զուտ տնտեսագիտական տեսանկյունից ճանապարհների ապաշրջափակման մի տարբերակն էլ Ադրբեջանով անցնողն է, հենց որն էլ առաջարկում է ներկա իշխանությունը, նշում է Ապիկյանը, սակայն, բիզնես խորհրդատուի կարծիքով՝ այստեղ էլ անվտանգային խնդիրներ կունենանք: Այս դեպքում ստացվելու է, որ տնտեսական զարգացման դիմաց զիջելու ենք մեր անվտանգությունը: 
Եթե մեր կառավարությունը հրատապ բանակցություններ չսկսի տարածաշրջանի բոլոր երկրների հետ այլընտրանքային նշված ճանապարհներից գոնե մեկը բացելու ուղղությամբ, տնտեսությունը, վստահաբար, տուժելու է:

Մանրամասները ներկայացնում է Ալինա Սիմոնյանը