կարևոր
1285 դիտում, 11 ամիս առաջ - 2022-06-29 14:03

Կորոնավիրուսի դեմ պատվաստումներն օգնել են կանխարգելել 19,8 միլիոն մարդու մահ աշխարհի 185 երկրներում

Կորոնավիրուսի դեմ պատվաստումներն օգնել են կանխարգելել 19,8 միլիոն մարդու մահ աշխարհի 185 երկրներում

Մարդկության ունեցած առաջընթացը մեծապես պայմանավորված է տարբեր բնագավառներում գիտնականների, գյուտարարների և նորարարների կողմից ստեղծված գիտելիքի և վերջինի արդյունավետ կիրառման հետ: Այս մասին հայտնել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Բացառություն չէ նաև առողջապահության բնագավառը, որի առավել մեծ ձեռքբերումներից է պատվաստումների լայն կիրառումը մարդկության կողմից, որը օգնել է հաղթահարել կամ կառավարելի դարձնել մի շարք վտանգավոր հիվանդություններ՝ կանխարգելելով բազմաթիվ մահվան դեպքեր:

Վերջերս, հեղինակավոր գիտական հանդեսներից մեկը հրապարակել է Լոնդոնի կայսերական քոլեջի մի խումբ հետազոտողների աշխատանքը, համաձայն որի մեկ տարվա ընթացքում՝ 2020 թվականի դեկտեմբերի 8-ից մինչև 2021 թվականի նույն ժամանակահատվածը, Կովիդ-19 դեմ պատվաստումներն օգնել են կանխարգելել 19.8 միլիոն մարդու մահ աշխարհի 185 երկրներում:

Համաձայն գիտնականների, Հայաստանում հնարավոր է եղել կանխել 12-ից 24 մահվան դեպք 10.000 բնակչի հաշվով, որը սակայն Եվրոպական տարածաշրջանի 53 երկրների նվազագույն ցուցանիշներից մեկն է:

Գնահատվել է նաև, որ ցածր եկամուտներ ունեցող երկրներում հնարավոր կլիներ լրացուցիչ կանխարգելել մահերի 111%-ը, եթե պետությունները հասնեին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված մինչև 2021 թվականի տարեվերջ 40% պատվաստումային ծածկույթ ապահովելու թիրախը:

Հայաստանում Կովիդ-19 դեմ պատվաստումների մեկնարից ի վեր, Երևանի պետական բժշկական համալսարանի մասնագետներն ակտիվ ներգրավվել են ամբողջ բնակչության և առանձին կոլեկտիվների շրջանում պատվաստումների մասին հավաստի, ճշգրիտ և փաստահեն տեղեկատվության տարածման աշխատանքներին, որի արդյունքում միայն մեզ մոտ պատվաստված աշխատակիցների տեսակարար կշիռը հասել է գրեթե 100%-ի, իսկ մեր պոլիկլինիկաների կողմից պատվաստվել է շուրջ 26.000 անձ, որը կազմում է պոլիկլինիկաներում հավաքագրված բնակչության գրեթե 70%-ը:

Ժամանակակից աշխարհում առավել պահանջված և գործածվող զենքը գիտելիքն է: Մեր՝ առողջապահության, ոլորտում այն օգնում է պահպանել մարդու ամենակարևոր արժեքներից մեկը՝ կյանքն ու առողջությունը: Վստահելով գիտությանը, մենք նպաստում ենք ոչ միայն անձնական ապահովությանը, այլ մեր ներդրումն ենք ունենում ազգային անվտանգության պահովմանը»: