կարևոր
1996 դիտում, 1 տարի առաջ - 2022-06-29 12:08

Մանդատից զրկելը որեւէ կերպ չի անդրադառնա մեր պայքարի վրա․ Իշխան Սաղաթելյան

Մանդատից զրկելը որեւէ կերպ չի անդրադառնա մեր պայքարի վրա․ Իշխան Սաղաթելյան

Մանդատը մեզ իշխանությունը չի տվել, որպեսզի զրկի: Մանդատը ժողովուրդն է տվել, 270 000 ՀՀ քաղաքացի քվեարկել է «Հայաստան» դաշինքի օգտին․ news.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

Նա հիշեցրեց, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ դաշինքի հիմնական թեզերից մեկը կառավարությանը հեռացնելն ու երկիրը ստեղծված բարդ վիճակից դուրս բերելը, հզոր Հայաստանը ստեղծելը, Արցախից հայերի արտաքսումը կանխելն ու արժանի խաղաղություն ապահովելն էր:

«Մենք սպասարկում ենք ՀՀ այն քաղաքացիների օրակարգը, որոնք մեզ մանդատ են տվել: Այսօր ընդդիմության եւ իշխանության օրակարգը չի համընկնում: Մենք ասել ենք, որ խորհրդարան կգնանք բացառապես մեր օրակարգով: Եվ մենք եկանք, իսկ իշխանությունը փախչում է: Վաղը եթե անհրաժեշտ լինի գնալ խորհրդարան այդ օրակարգով, իշխանությունը կրկին կփախչի, քանի որ ասելիք չունի»,-ասաց Սաղաթելյանը:

Նրա խոսքով՝ հիմարություն է զրկել մանդատներից: «Մենք հավատարիմ ենք այն օրակարգին, որին համար ձայն ենք ստացել: Նրանք սրճարան են գնում բազմաթիվ ոստիկանների ուղեկցությամբ, պառկում են քնելու եւ փողոցով քայլում են վախը սրտներում, նրանք գիտեն, որ երկար չեն մնա իշխանության ղեկին: Մենք այդ ավազակախմբի հետ բաց պայքարի ենք դուրս եկել: Մանդատը մեզ համար ընդամենը պայքարի գործիք է: Եթե իշխանությունը ցանկանում է զրկել մեզ մանդատից, թող զրկի: Դա որեւէ կերպ չի անդրադառնա մեր պայքարի վրա»,-ընդգծեց Սաղաթելյանը:

Դիմադրություն շարժմանը նոր թափ հաղորդելու համար ահռելի աշխատանք է տարվում, ստեղծվել են եւ շարունակում են ստեղծվել նոր հարթակներ նոր մարդկանց ներգրավելու համար․ ասաց Իշխան Սաղաթելյանը:

Նա վստահեցրեց, որ բոլոր նրանք, ովքեր խոսում են պառակտման մասին, սխալվում են: «Շաբաթվա ընթացքում ամեն օր շարունակվում են քիչ ինտենսիվությամբ տարաբնույթ ակցիաները, շաբաթվա վերջում անցկացվում են հանրահավաքներ, երթեր։ Անհրաժեշտության դեպքում կարող ենք սկսել շաբաթական 4 անգամ հանրահավաքներ անցկացնել, սահմանափակումներ չկան։ Երբ մենք փողոցում չենք, զբաղվում ենք շարժման ընդլայնմամբ, կազմակերպչական հարցերով։ Ձեւավորել ենք համապատասխան հանձնաժողովներ, ձեւավորվում են մարզային համակարգող խորհուրդներ»,-շեշտեց Սաղաթելյանը:

«Մենք միասին երկար ճանապարհ ենք անցել եւ գնահատում ենք դա: «Հայրենիք» կուսակցությունը որոշել է, որ այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ են այլ քայլեր եւ գործողություններ։ Ուզում եմ, որ եւ՛ Վանեցյանը, եւ՛ Դիմադրության շարժումը հասնեն առավելագույն արդյունքների, որոնք բխում են ընդհանուր օրակարգից։ Մեր նպատակին հասնելու համար մենք պատրաստ ենք ամեն ինչի եւ գնալու ենք այս ճանապարհով»,-ասաց Սաղաթելյանը:

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սպասարկել Ալիեւի շահերն ու օրակարգը, ակնհայտ է, որ շտապողականություն կա։ Դավաճանը շարունակում է երկիրը մաս-մաս հանձնել թշնամուն,- ասաց նա։

«Ինչ վերաբերում է Լաչինը շրջանցող ճանապարհին, ապա նոյեմբերի 9-ի հայտարարության կետում նշվում է երկու կողմերի համաձայնությունը եւ 3 տարվա ընթացքում նախագծի հաստատումը։ Ինչո՞ւ են շտապում Ալիեւն ու Փաշինյանը։ Նույն հայտարարության մեջ կան չիրականացված կետեր։ Փաշինյանը մի օր ժողովրդին փաստի առաջ կկանգնեցնի։ Հետեւաբար, եթե գործող իշխանությունը մնա երկրի ղեկին, մենք կշարունակենք կորուստներ կրել։ Հենց այդ սպառնալիքների մասին ենք անընդհատ խոսում։ Հենց դրա դեմ ենք մենք պայքարում եւ դիմադրում թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգին։ Այս պայքարը տարվում է նաեւ Հայաստանի իշխանությունների դեմ, քանի որ վերջիններս չեն դիմադրում սպառնալիքին։

Միաժամանակ Նիկոլը շարունակում է վախեցնել պատերազմով։ Մեկ տարի առաջ նա խոստանում էր Արցախի ինքնորոշում, խաղաղության օրակարգ, բայց հիմա չկա ո՛չ մեկը, ո՛չ մյուսը։ Ավելին, նա սկսեց արդարացնել Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու քաղաքականությունը՝ ասելով, որ երաշխիքներ չկան։ Փաշինյանն ու Ալիեւը կարող են բլից պատերազմ կազմակերպել։ Փաշինյանը անընդհատ հիմնավորում է Ալիեւի հայտարարությունները՝ ասելով, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում՝ հարգելով մարդու իրավունքները եւ անվտանգությունը։ Մենք կանգնելու ենք պետության գոյության վտանգի առաջ»,-ասաց Սաղաթելյանը։