Երբ ես շնորհակալություն եմ հայտնում իմ ընկերներին ու գործընկերներին Բերձորի (Լաչին) համար նվիրումի ու որոշակի հաջողություններ արձանագրելու համար, դա ամենեւին չի նշանակում, որ Բերձորին այլևս վտանգ չի սպառնում, գրել է լրագրող, փորձագետ Նաիրի Հոխիկյանը։
«Մարդիկ ամեն ինչ հասկանում են սև կամ սպիտակ' ուրախանալով կամ ողբալով որևէ լուրի համար։
Բերձորի հանձնումը կանխված չէ, և եթե շատ անկեղծ, ես մեծ հույսեր էլ չունեմ, թե հիմա կկարողանանք կանխել։ Նիկոլ Փաշինյանը այնպիսի կետի է հասցրել, որտեղից հետդարձը աղետալի հետևանքների է բերելու։ Նա առանց որևէ ցավի թշնամուն տալիս է այն, ինչ ուզում են, և նրա համար հայրենի հողը զրո արժեք ունի, ինչպես որ ինքը զրո արժեք ունի հայրենի հողի համար։
Բայց մենք պետք է պայքարենք մեր հնարավորությունների սահմանում, հարցը բարձրացնենք տարբեր հարթակներում, դարձնենք քաղաքական օրակարգ և գուցե կարողանանք մարտավարական որոշակի խնդիրներ լուծել' ժամկետների հետաձգում, պայմանների փոփոխություն և այլն։
Խնդրում եմ, մի կարդացեք հիմար ու մանիպուլյատիվ մարդկանց մեկնաբանությունները կամ իրենց էջերում իմ գրածների արձագանքը։ Նրանք տեսնում ու հասկանում են այն, ինչ իրենց ձեռնտու է, որպեսզի նախ մարդկանց թևաթափ անեն, ապա նաև կարողանան վարկաբեկել այլոց։
Պետք է իրատես լինել ու փորձել առաջ շարժվել' առանց պատրանքների, բայց նաև առանց հուսալքության»։