կարևոր
694 դիտում, 1 ամիս առաջ - 2022-06-28 20:45

Վահանավանքը 1111 տարեկան է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

10-րդ դարի հայ ճարտարապետական արվեստի գլուխգործոցներից Վահանավանքը 1111 տարեկան է։ Խորհրդավոր տարեթիվը մեծ հանդիսավորությամբ են նշանավորել Կապանում։ 
Հարյուրավոր ուխտավորներ համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի և հոգևորականների ուղեկցությամբ ոտքով հաղթահարել են Վահանավանքի բարձունքն ու մասնակցել տոնի առթիվ մատուցված սուրբ պատարագին եւ Անդաստանի կարգին։
Միջոցառման հանդիսավոր մասը անցկացվեց հենց վանքի կամարների ներքո, որի ժամանակ ներկաները իրենց ելույթներում շնորհավորեցին Վահանավանքի 1111- ամյակը, բացահայտեցին նրա պատմական կարեւոր արժեքը։ 
Համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը կարևորում է Վահանավանքի դերը՝ որպես Կապան աշխարհի պատմամշակութային կարևորագույն արժեք, ընդգծում այն տարածաշրջանի հայկականությունը ապացուցող փաստ է։ 
Վահանավանքի վանական համալիրի հազարամյա պատմությանը ծանոթանալու, հոգեւոր կարեւոր իրադարձության մասնակից լինելու համար հանրապետության տարբեր վայրերից էին քաղաքացիները ժամանել Կապան։ 
Վանական համալիրի առաջին կառույցը՝ սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 911 թվականին, իսկ փոքր եկեղեցին՝ սուրբ Աստվածածինը 11-րդ դարի երկրորդ կեսին։ Այստեղ 1960-ական թվականներից սկսած կատարվել են պեղումներ։
Վահանավանքի 1111- ամյակին ժողովրդական տոնախմբություն էր կազմակերպվել վանական համալիրի ամբողջ տարածքում։ Մեծախորհուրդ տոնի կապակցությամբ մատաղ է մատուցվել ժողովրդին։