Անհապաղ ազատ արձակեք Արման Առաքելյանին. պահանջում են այս մարդիկ՝ վաղ առավոտից Ազգային Ժողովի դիմաց:
Առաքելյանը 18 տարվա ազատազրկման է դատապարտվել Ռուսաստանում ադրբեջանցու սպանելու համար: Մայրը պատմում է, որ ադրբեջանցին Արմանին պատկանող ընտանեկան ռեստորանում իր հեռախոսով մուղամ է լսել, ապա պոկել է պատերին փակցված հայ հերոսների նկարները: Նա թքել է եռագույնի վրա եւ դանակով սպառնացել հայերին: Արմանը չի դիմացել անարգանքին, հատկապես որ Խաչվերաց տոնին է եղել միջադեպը:
«Սեւ Հովազ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանը Արմանին նմանեցնում է Սողոման Թեհլերյանին, քանի որ Արմանը եւս տեր կանգնեց ազգի նամուսին: «Հայոց մայրեր» նախաձեռնության հեղինակ Անահիտ Մամուլյանը վստահ է, որ գործող իշխանությունը անուղղելի սխալ է գործում Արման Առաքելյանին բանտված պահելով. սա հոգեբանական ճնշում է համարում նաեւ այլ երկրներում բնակվող հայերի հանդեպ, ովքեր պարբերաբար բախումներ են ունենում ադրբեջանցիների հետ:
«Ֆիդայիներ» կառույցի նախագահ Սեյրան Չիլինգարյանը Արմանի դատապարտման հենց սկզբից պայքարել է նրա ազատության համար: Իշխանության դիրքորոշումը դատապարտում է: Նշում է՝ Ադրբեջանը հերոսացրեց քնած սպային կացնահարած Սաֆարովին:
Արման Առաքելյանը բազմաթիվ առողջական խնդիրներ ունի: Արդեն 7 տարի է Արմանը կրում է պատիժը. վեց տարին՝ Մուրմանսկի բանտում, 1 տարի է՝ Հայաստանում է: Օրերս ծանր վիրահատության է ենթարկվել:
Ազգային ժողովից որեւէ արձագանք չստանալով ցուցարարները երթով մոտեցան նախագահի նստավայրին:
Արման Առաքելյանը դատարանում հայտարարել է՝ պատրաստ է նստել ամբողջ 18 տարին, բայց մեր երկրի իշխանությունից ներում չի խնդրի. սկզբունքի հարց է:
Մանրամասները ներկայացնում է Լուսին Ղազարյանը