Ապարանում սպանված Տիգրան Հարությունյանի հայրը վստահեցնում է՝ վիճաբանությանը մասնակցել են Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր տղաները եւ ՔՊ-ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի եղբայրը: Արյունոտ միջադեպից վեց օր անց Նիգավանում սպանվածների հարազատները բողոքի ակցիա են անում՝ արդար դատաքննություն իրականացնելու պահանջով:
Վիճաբանությունը տեղի է ունեցել Արագածոտնի փոխմարզպետի հորեղբոր տղաների եւ Պարեկային ծառայության պետի՝ Կարպոյի միջեւ՝ վստահեցնում են սպանվածների ու վիրավորների հարազատները: Շարունակվել է Փարվանյաններին պատկանող գազալցակայանում: Ակցիայի մասնակիցները պնդում են, որ գազալցակայանի գործող տեսախցիկները դեպքի օրից անհետացել են: Սպանվածների հարազատները պահանջում են՝ Փարվանյանները շտապ պետք է լքեն Ապարանը:
Ռոման Փարվանյանի տան մոտ բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց պահանջը ներկայացրին: Ռոմանի հայրը արձագանքեց։
Հարազատները չեն բացառում, որ հանցագործության հետ կարող է կապ ունենալ նաեւ Հայանտառի Արագածոտնի մասնաճյուղի տնօրեն Հայկ Գալստյանը. իշխող թիմի նշանակած պաշտոնյաների անունները պարբերաբար ի հայտ են գալիս քրեական տարբեր պատմություններում:
Ապարանի կրակոցներից մահացել են 27-ամյա երկու երիտասարդներ, կա 5 վիրավոր, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Սպանվածներից՝ Համիկ Միքայելյանի եղբայրը հավաստեց, որ իրենք արյունահեղության չեն դիմի, բայց կլինեն հաջորդող քայլեր: Նշեց, որ սպասում են իրենց արդարացի պահանջի կատարմանը: Իշխանությանը եւ Փարվանյաններին ժամանակ են տվել:
Մանրամասները ներկայացնում է Լուսին Ղազարյանը