կարևոր
535 դիտում, 1 ամիս առաջ - 2022-06-25 11:11

ՀՀ ԱԳ նախարարը և Արցախի պետնախարարը կարևորել են ԼՂ հակամարտության արդարացի կարգավորման շուրջ ջանքերի փոխներդաշնակեցումը

ՀՀ ԱԳ նախարարը և Արցախի պետնախարարը կարևորել են ԼՂ հակամարտության արդարացի կարգավորման շուրջ ջանքերի փոխներդաշնակեցումը

Հունիսի 24-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները քննարկել են 2020թ. ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակն ու առաջացած հումանիտար հարցերի հաղթահարման ընթացքը։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել միջազգային ատյաններում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, այդ թվում՝ բռնի տեղահանված բնակչության իրավունքների բարձրաձայնման և նրանց առջև ծառացած հիմնախնդիրների լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը և Արտակ Բեգլարյանը շեշտել են միջազգային հումանիտար կազմակերպությունների՝­ տեղում անարգել ներգրավվածության անհրաժեշտությունը՝ պատերազմի հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքների համապարփակ և լիարժեք հասցեագրման նպատակով:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդարացի կարգավորման հեռանկարների շուրջ՝ ընդգծելով Հայաստանի և Արցախի ջանքերի փոխներդաշնակեցման կարևորությունը: