կարևոր
634 դիտում, 1 ամիս առաջ - 2022-06-24 20:26

Լավրովի այցը՝ Բաքու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեւանյան այցից 2 շաբաթ անց Ռուսաստանի արտգործնախարարը Բաքվում է: Ադրբեջանի նախագահը միանգամից բացում է բողոքի գիրքը: Իլհամ Ալիեւը հայտարարում է, թե խաղաղության համաձայնագրի մասին Բաքվի առաջարկներին Երեւանն առայժմ չի պատասխանել: Սերգեյ Լավրովն ասում է՝ լսել է հայկական կողմի, վարչապետ Փաշինյանի՝ այս հարցի շուրջ բանակցելու պատրաստակամությունը: Երեւանից էլ անմիջապես արձագանքում են՝ արդեն բազմիցս են ասել, որ Ադրբեջանի առաջարկներում անընդունելի ոչինչ չկա, մինչդեռ Բաքուն է անպատասխան թողել Երեւանի առաջարկը: 
Հետո մեկ այլ դժգոհություն Ալիեւից: 
Հայաստանի արտգործնախարարն ասում է՝ համաձայն է մեկ հարցում՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը մինչ այժմ ամբողջությամբ կատարված չէ. Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար անազատության մեջ պահել հայ գերիներին, խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարության առաջին կետը, ներխուժել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի եւ մինչ օրս այնտեղ է: 
Ռուսաստանի արտգործնախարարը Ալիեւի հետ հանդիպմանը խոսում է առաջընթացից: 
Ալիեւից հետո Լավրովը հանդիպում է ադրբեջանցի պաշտոնակցի հետ: Ջեյհուն Բայրամովը զգուշացնում է, թե բանակցային գործընթացի արհեստական ձգձգումը լուրջ ռիսկեր ունի: Լրագրողներին հետաքրքրում է՝ արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատին անդրադարձ եղե՞լ է: Ադրբեջանի նախագահը օրերս նորից խորհուրդ էր տվել հրաժեշտ տալ բանակցային այդ ձեւաչափին, իսկ Միացյալ Նահանգները պնդել էր, թե պատրաստ են շարունակել համագործակցությունը Մոսկվայի հետ Մինսկի խմբում: Լավրովը փաստացի ասում է, որ Մինսկի խումբն այլեւս գոյություն չունի, Բայրամովը հաստատում է: 
Ռուսաստանի արտգործնախարարը նշում է, թե պատերազմից առաջ եղած բոլոր առաջարկները, փաստաթղթերը, որոնք երկար տարիներ քննարկվել են՝ առանց տեսանելի արդյունքների, մնացել են անցյալում: Լավրովը հատուկ շեշտում է՝ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում նոր գործընթացների հիմքում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարություններն են:

Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում