12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Ուկրաինան եւս մեկ քայլով մոտեցավ եվրոպական ընտանիք մտնելու իր երազանքին: Եվրամիությունը Ուկրաինային, նաեւ Մոլդովային շնորհել է թեկնածու երկրի կարգավիճակ: Եվրոպական խորհրդի նախագահը որոշումը պատմական է որակել, Ֆրանսիայի նախագահը՝ ազդանշան Ռուսաստանին:
Ուկրաինան Եվրամիությունից արագացված կարգով թեկնածուի կարգավիճակ էր պահանջում պատերազմի առաջին իսկ օրերից: Նախագահ Զելենսկին Կիեւի այս խնդրանք-պահանջի մասին խոսում էր գրեթե ամեն օր, բոլոր ելույթներում: Ուզածին հասավ պատերազմի 120-րդ օրը:
Զելենսկիի այս հայտարարությանը զուգահեռ՝ ուկրաինական բանակին հրահանգվել է հետ քաշվել Լուգանսկի շրջանում ռազմավարական նշանակություն ունեցող Սեւերոդոնեցկ քաղաքից: Վերջին օրերին ռուսական ուժերը մեծ թափով են առաջ շարժվում, Ուկրաինան շարունակ դիրքեր է կորցնում երկրի արեւելքում:
Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ Եվրամիության անդամակցության հայտ էր ներկայացրել նաեւ Վրաստանը: Եվրոպական խորհուրդը այս փուլում որոշել է միայն ճանաչել Վրաստանի եվրոպական հեռանկարը՝ նշելով, որ թեկնածուի կարգավիճակ կշնորհեն, երբ Թբիլիսին կատարի տնային բոլոր աշխատանքները: Վրաստանի վարչապետը, որը նեղսրտած հայտարարում էր, թե իր երկիրն ավելի արժանի էր այս կարգավիճակին, քան Ուկրաինան ու Մոլդովան, այսօր փոխել է հռետորաբանությունը:
Եվրամիությանը Ուկրաինայի եւ Մոլդովայի վերջնական անդամակցությունը կարող է տարիներ տեւել, թեեւ հաջողության հասնելու երաշխիքներ առանձնապես չկան: Համեմատության համար՝ Թուրքիան թեկնածու երկրի կարգավիճակ է ստացել 23 տարի առաջ, Հյուսիսային Մակեդոնիան՝ 17, իսկ Ալբանիան՝ 8: Ալբանիայի վարչապետը խորհուրդ է տվել Կիեւին պատրանքներով չապրել:
Մանրամասները ներկայացնում է Մարինե Մելիքսեթյանը